Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության կնքնահայրն է։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու եղբորորդի Ռոբերտ Քենեդու այն հայտարարությանը, թե Իսլամական պետությունը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից։
«Կասկած չկար, որ ԱՄՆ-ն Իսլամական պետության կնքահայրն է, բայց նրանց համար, ովքեր միտումնավոր փակել են իրենց աչքերը ճշմարտության վրա, Ջոն Քենեդիի եղբորորդի և հաջորդ տարվա ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու հայտարարությունը, որ «մենք ենք ստեղծել Իսլամական պետությունը», վերահաստատում է այն փաստը, որ ամերիկյան ռեժիմը Իսլամական պետության կնքահայրն է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահի եղբորորդի Ռոբերտ Քենեդին օրեր առաջ ունեցեծ ելույթում հայտարարել էր հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Վերջինս միևնույն ժամանակ խոստովանել էր, որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից։
ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերին։ Պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու մտադրություն են հայտնել գործող նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։