Ադրբեջանի արտաքին գործեպի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Բայրամովը պնդել է, որ հետպատերազմական շրջանում Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Նրա խոսքով՝ «Բաքուն շահագրգռված է, որ այս գործընթացը հաջող ավարտվի»։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ «խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը խոչընդոտելու մեջ»։ Նա նշել է, որ «Հայաստանը վերջին վեց շաբաթվա ընթացքում չի պատասխանել Ադրբեջանի առաջարկներին, ինչպես նաև կատարել է մի շարք սադրիչ քայլեր և հայտարարություններ»։
Վերջինս հերթական անգամ Հայաստան ներխուժած ադրբեջանցի դիվերսանտներին ներկայացրել է որպես մոլորված զինծառայողներ՝ պնդելով, թե, իբր նրանց նկատմամբ «Հայաստանում բռնություններ են գործադրվել»։
Հանդիման ընթացքում ևս մեկ անգամ նշվել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է կատարել կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։