Որովհետև հայ էր․ Դանիել Վարուժան
copy image url

Որովհետև հայ էր․ Դանիել Վարուժան

Մշակույթ 2 տարի առաջ - 22:49 20-04-2023
«․․․ Միջահասակից քիչ կարճ էր, լայնալանջ, գլուխը միշտ բարձր․ դեպի աստղերը։ Մազերը մուգ սև էին, կողմնակի խազով սանրած։ Կանոնավոր էին դեմքի գծերը, մաշկը՝ անփայլ-սպիտակ, մի քիչ մոխրագույնի զարնող։ Աչքերը մի թեթև շիլ էին, որ սակայն չէր խանգարում նայվածքին։ Դա՝ նույնիսկ նրան տալիս էր մերթ մի տեսակ մելամաղձիկ արտահայտություն։ Պիտի մոռանայի հիշել նրա միշտ ոլորուն բեղը, որ ընդգծում էր նրա արծվային, լայնառունգ քիթը և ծածկում էր նրա կարմիր շրթները, ընդյանրապես զուսպ և սակայն մերթ այնքան բարեմույն կերպով ժպտացող․․․»։ Այսպիսին էր Դանիել Վարուժանը իր՝ Գենտի ուսանողական տարիների մտերիմ դասընկեր Պիեր Մայեսի նկարագրությամբ։

Իր ապրած ոչ լիարժեք 31 տարիների ընթացքում Դանիել Վարուժանը հասցրեց անջնջելի ու մեծ հետք թողնել հայ գրականության ընթացքի վրա՝ դառնալով նրա ամենապերճախոս բանաստեղծներից մեկը։

Սիամանթոյից անմիջապես հետո «Սարսուռներ» և ապա «Ցեղին սիրտը» ժողովածուներով գրականության մեջ մուտք գործած տաղանդաշատ այս քնարերգուն Սիամանթոյի հետ պիտի դառնար իր ժամանակի շունչը։



Այս մեծանուն գրողների եղերական մահից հետո Վալերի Բրյուսովն ասաց․ «Վարուժանի և Սիամանթոյի հետ գերեզման իջան երիտասարդ պոեզիայի լավագույն հույսերը, բայց այն, ինչ կարողացան անել նրանք իրենց կարճատև կյանքում բավական է ապահովելու նրանց տեղը հայ գրականության մեջ և պարզաբանելու նրանց պոեզիայի ընդհանուր սլացքը»։

Վարուժանն իր ստեղծագործական կատարելությանը հասավ 1912-ին Պոլսում լույս տեսած «Հեթանոս երգեր»-ում։ Այս ժողովածուն նշանավորեց ոչ միայն պոետի անհատական աճը, այլև ազդարարեց արևմտահայ ամբողջ գրականության նոր շրջանը։ Շատերի մոտ «Հեթանոս երգեր»-ը ժողովածուն ասոցացվեց կռապաշտության, անցյալի ֆետիշացման ներկայից փախուստի հետ՝ համարելով դա չարիքի դեմ անզորության ցուցադրում։ Սակայն Վարուժանի հեթանոսությունը անսահման տառապանքից, թանձր խավարից թռիչք էր դեպի լույսը, դեպի արևը։ Դա ազատ կյանքի հիմն էր և ոչ միայն հայոց այլ նաև հունական ու հռոմեական հեթանոսական դարաշրջանի ոգու և մարմնի ազատության գովերգումն էր։

Հետմահու՝ 1921-ին լույս տեսավ «Հացին երգը»։ Գյուղական աշխարհին նվիրված երգերում Վարուժանն արվեստագետի զարմանալի վարպետությամբ կարողացել է օգտագործել մեր հնամենի հայրենների հուզական պատկերավորությունը, ժողովրդային կենդանի, տաքուկ շունչը, սիրո քուչակյան թրթիռը և ստեղծել ձևի ու բովանդակության երաժշտական ներդաշնակություն, հասնելով պոետական խոսքի շլացուցիչ կատարելության։

Բուխարեստյան «Նավասարդի» 1923-ի հոկտեմբերյան համարում Վարուժանի կրտսեր գրչընկեր գրող Հակոբ Սիրունին գրել է․ «Գրասեղանիս վրա ունիմ խուրձը թղթիկներուն, որոնց վրա բանաստեղծը ըրած էր փորձերը իր մեկ քերթվածին։ Կպատմեն անոնք երկունքը, որով Վարուժանը ստեղծած էր իր վերջին քերթվածը՝ «Աղորիքը», որ 1915 մարտ թվականը կկրե, և որ, արդարև, իր հուսկ երգը եղավ։ Կարժե տեսնել զանոնք, ճանչնալու համար ճիգը, որով բանաստեղծը կչարչարեր իր մատները՝ հոգվույն մեկ ճիչը պատմելու համար։ Ցույց կուտան անոնք դժգոհ ու համառ արվեստագետը, որ կար Վարուժանի մեջ»։

Մի առիթով էլ Սիրունին հիշում է, որ 1914-15թթ Պոլսի մի խումբ հայ արվեստագետներ ցանկանում էին գնալ Արևմտյան Հայաստանի գավառներ՝ նորոգ ուժ ու ավիշ ստանալ մայր հողից, վերածնվել հոգեպես, նոր երկեր երկնել։ Այդ խմբում ներգրավված էին Կոմիտասը, Վարուժանը, Փանոս Թերլեմեզյանը։ Նրանք ուզում էին արթնացնել Սասունցի Դավթին ու նրա թուր կայծակը կրկին լույս աշխարհ հանել։ Սակայն Վարուժանն ու Կոմիտասը չհասցրեցին մախաղն առնել և գավառ մեկնել, իսկ Փանոս Թերլեմեզյանը Վասպարականում ստիպված եղավ դեն նետել իր վրձինն ու ներկապնակը և ձեռքն առնել հայդուկի զենքը։

Ինչ վերաբերում է Դանիել Վարուժանի անձնական կյանքին, նամակներից մեկում նա գրել է․ «Ամենեն խոր անձնական տառապանքները ես կրեցի Գենտի մեջ։ Սակայն 1904-1907-ի շրջանն էր, երբ հայությունը կխեղդվեր սուրի և սովի մղձավանջին մեջ, ու ես չուզեցի տեղ տալ իմ անհատական ցավերուս, գրեթե լռեցուցի իմ սիրտս և նախընտրեցի երգել ցեղին սիրտը, որուն բախյունները կզգայի մեջս, իմ սեփական արյունիս խորը։ Հայությունը կուլար ու կմռնչեր իմ մեջս և երգերս դուրս կուգային օտար երկնքի տակ՝ կարոտ լարովը միայն կապված մեր երկրի հողին ու մարդուն հետ»։

Ի՞նչ տառապանքների մասին էր խոսքը։ Պարզվում է՝ բանաստեղծը Գենտում ունեցել էր սիրո տխուր պատմություն, որը շատ ծանր էր տանում․

«Բերնիս վրա համբույրն իր ուրիշ համբույր մ՛համբուրեց.
Սիրտը սրտիս վրա ուրիշ սըրտի մ՛համար բաբախեց:
Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ՝
Իր մարմինեն ես օտար անկողին մ՛հոտը առի»:

Տողերից զգացվում է, որ խոսքը դավաճանության մասին է:

Վարուժանն այս դժվար ապրումներով վերադառնում է և աշխատանքի անցնում հայրենի Բրգնիկ գյուղում, որտեղ հարուստ ընտանիքում մասնավոր ուսուցիչ է աշխատում: Հենց այստեղ էլ նա սիրահարվում է իր աշակերտուհուն՝ Արաքսիին, որը և հետագայում դառնում է բանաստեղծի կինը:



Արաքսիի ծնողներն ուսուցչին չեն դիտարկում հարմար թեկնածու ամուսնության համար և դստեր կամքին հակառակ՝ նշանադրում են մի թուրք էֆենդիի հետ: Այս փաստից ցնցված՝ Արաքսին նամակ է գրում Վարուժանին.

«Ոչ ոք չի կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:

Վարուժանը իր հերթին նամակ է գրում փեսացուին՝ հուսալով, որ նա կհրաժարվի Արաքսիից։ Կարդալով այդ տողերը և տեսնելով հարսնացուի արցունքոտ աչքերը՝ նա հասկանում է, որ Արաքսիի միակ սերը Վարուժանն է: Երիտասարդը շնորհավորում է Վարուժանին և Արաքսիին՝ մաղթելով նրանց երջանկություն: Շուտով զույգն ամուսնանում է:

Նրանք ունենում են 3 երեխա՝ Վերոնիկը, Արմենը և Հայկակը։ Վերջինիս, ցավոք, Վարուժանն այդպես էլ չի հասցնում տեսնել. 1915-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը դաժանորեն սպանվում է թուրքերի կողմից, որովհետև հայ էր։ Նույն օրն էլ ճակատագրի հեգնանքով ծնվում է նրա 3-րդ զավակը՝ Հայկակը…



Գրիգորիս ծայրագույն վարդապետ Բալաքյանն իր «Հայ Գողգոթան» գրքում վկայում է, որ կառք նստեցնելու պահին Վարուժանն իրենց ասել է, թե մոտ օրերս զավակ է ունենալու, տնեցիներին թող հաղորդեն, որ անունը Վարուժան դնեն։

Հավանաբար լուրը ժամանակին տեղ չի հասել, և երրորդ երեխային անվանակոչել են Հայկակ։

Վարուժանի կինը երեխաների հետ կարողանում է դուրս գալ երկրից և դեգերումներից հետո հաստատվում է ԱՄՆ-ում: Վարուժանի սերունդներն այժմ բնակվում են Նյու Յորքում և Ֆրեզնոյում։

1958-ին Գենտի համալսարանում Վարուժանի դիմաքանդակի բացման հանդեսին Արաքսին հիշում է․ «Աքսորի շրջանին Վարուժանեն ստացած եմ թուրքերեն գրված բացիկներ։ Ուզած էր Հոմերոսի «Իլիականը», որ ղրկած էի իրեն։ Գիտեմ, որ հոն իսկ կաշխատեր ու կգրեր»։



Սիրունին էլ Վարուժանին նվիրված իր գրքում փաստում է, որ աքսորի ժամանակ էլ Վարուժանը երեք տետր նոր ստեղծագործություն արդեն գրած ուներ․ «Երբ Կոմիտաս Վարդապետ Պոլիս դարձաւ աքսորէն՝ գիշեր մը գաղտուկ իրեն գացի, լուր առնելու տարագիր եղբայրներու մասին: Ա՛ն էր, որ ըսաւ, թէ Դանիէլը արդեն շատ մը գեղեցիկ էջեր է գրած»: Ավա՜ղ, մենք այդպես էլ չենք իմանա, թե ինչ էր գրել այդ օրերին մեծն Դանիել Վարուժանը։

«Դանիել Վարուժանը գալիս է հավաստելու, որ կարելի է յուրացնել ժամանակակից համաշխարհային արվեստի բոլոր ձեռքբերումները, կիրառել դրանք համարձակորեն, բայց վերածնելով վերակերտելով սեփական ավյունով, ազգային ավանդույթների հիմքի վրա։ Դանիել Վարուժանը գալիս է հավաստելու, որ նա, ով իրապես սիրում է իր ժողովրդին և համակված է նրա ցավերով, չի կարող չզգալ նաև աշխարհի ցավերը․․․ Վարուժանը հայ ժողովրդի վիշտը ընկալում էր որպես «համաշխարհային վշտի» անբաժանելի մասը, իսկ աշխարհի վիշտը համարում էր իրենը։ Այստեղից էլ՝ նրա լայնախոհ, մեծ հոգիներին վայել սերն ու սրտակցությունը հանդեպ սիրակարոտ ու տառապող էակները, նրա վսեմ հումանիզմն ու ժողովրդասիրությունը»,- հետագայում ահա այսպես պիտի արտահայտվեր Սիլվա Կապուտիկյանը արևմտահայ հանճարի մասին։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ձեզ գուցե հետաքրքրի