Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին, այս պահին հատուկ միջոցառումներ ու արարողություններ չի նախատեսվում անցկացնել։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
«Հանձնաժողով հիմնականում ստեղծվում է տարելիցների ժամանակ։ Այսինքն, այդպիսի հանձնաժողով ստեղծվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում։ Այս տարի առանձնահատուկ միջոցառում չի նախատեսվում։ Կլինի միայն համազգային այցելություն՝ հուշահամալիր»,- ասաց նա։
1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված 20-րդ դարի առաջին ու մեծագույն ոճիրը դատապարտվել է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից։ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, ավելի ուշ՝ այդ փաստն ընդունել են նաև Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ն։
Այս երկրներում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Թուրքիայի ղեկավարությունը մինչև օրս հրաժարվում է ընդունել ավելի քան 100 տարի առաջ, Օսմանյան Թուրքիայի կողմից մարդկության հանդեպ իրականացված Ցեղասպանական ոճիրի փաստը։