Իրենք չարություններ են արել մեր հանդեպ և 110 հազար դոլար են ուզել․ Արզաքանցյան
copy image url

Իրենք չարություններ են արել մեր հանդեպ և 110 հազար դոլար են ուզել․ Արզաքանցյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 15:56 18-04-2023
«Ինքը մարդ չի, իրան ո՞նց կարաս մարդ ասես։ Վարդան Ղուկասյանը իմ ընտանիքին վարկաբեկել է։ Իրենք չարություններ են արել մեր հանդեպ և պետք է օրենքի առաջ պատասխան տան»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։

Նշենք, որ երեկ՝ «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն ասել էր, որ Տիգրան Արզաքանցյանը հաղորդում է տվել իր և «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանի վրա, և հաղորդման հիման վրա էլ նախաքննական մարմինը ձերբակալել է Արտակ Գալստյանին․ մեղադրանքը՝ շորթում։

«Վարդան Ղուկասյանն ու Արտակ Գալստայնն ինձնից գումար են պահանջել 110 հազար դոլար։ Ինքն այդ ձևով է գումար վաստակում՝ մարդկանց անունը գցելով, մարդկանց հասցեին վիրավորանքներ, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնելով։

Ինչի՞ համար ես պետք է իրեն փող տամ, հո իմ գործարանի աշխատողը չի։ Դա իրենց ստիլն է, բիզնեսի ձև են գտել։ Իրենք պետք է մի քիչ վախենան Աստծուց, իրենք հավատք չունեն։ Եթե սրբություն ունենային, մեկ անգամ Ավետարան կարդային, նման բաներով չէին զբաղվի։

Իրենք ազնիվ մարդու ուզում են անվան հետ խաղան։ Չի ստացվի։ Ես իմ հեղինակությունը վաստակել եմ տարիների ընթացքում։ Իմ հեղինակության հետ ոչ մեկ չի կարա խաղա, ուզում են Դոգով ու չգիտեմ ինչերով վարկաբեկեն»։

Անդրադառնալով «Հանրային Ձայն» կուսակցության համակիրների հնչեցրած կարծիքներին, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի և կապ ունի Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ, Արզաքանցյանն ասաց․

«Նման բան չկա։ Սա իրենց համար բիզնեսի ձև է, քաղաքական ոչինչ չկա։ Այս ամենը երկար ժամանակ է շարունակվում է, ուղղակի մենք ձայն չենք հանել։ Համբերել ենք, բայց համբերության բաժակն արդեն լցվել է։ Ու այսօր արդեն չարություն կատարողները իրենց արարքների համար պատժվեն։ Մենք ուզում ենք օրենքով երկիր ունենալ, պետք է օրենքով շարժվենք։ Ես էլ փաստաբաններ եմ վարձել, զբաղվում են այդ գործով»։

Հարցին՝ ինչպե՞ս է վարձել փաստաբաններ, եթե Վարդան Ղուկասյանն ասում էր, որ ինքը սնանկ է ճանաչվել, Արզաքանցյանն ասաց, որ նման բան չկա, ինքը սնանկ չի ճանաչվել։

«Սուտ է։ Չկա նման բան։ Ինքը ամեն սուտ կապում է ինձ հետ։ Ասում է՝ Արզաքանցյանի տղան չի ծառայել։ Իմ տղան հենց հիմա առաջնագծում է։ Սյունիքում սահման է պահում, ոչ թե քաղաքում մի տեղ ծառայում է։ Իմ մյուս տղաները 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, իմ ընտանիքի մասին ոչ ոք չի կարող վատը խոսել։ Ես ամենամեծ հայրենասիրությունն եմ կատարել, 15 միլիոն դոլար եմ բանակին նվիրել։ Ով է նման բան արել, ես դա արել եմ, որ մյուս միլիարդատերերը իրենց բանկի հաշիվները բացեին ու օգնեին բանակին։ Ոչ մեկ չարեց, միջին խավն ավելի շատ արեց, քան իրենք»,- ասաց Արզաքանցյանը։

Անի Ներկարարյան