Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մերժել է դեսպան Լին Թրեյսիին ուղղված հրավերը՝ մասնակցելու ապրիլի 18-ին կայանալիք Պետդումայի հանձնաժողովի նիստին, որտեղ վերջինս պետք է պարզբանումներ ներկայացներ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հաստատում է, որ մենք մերժել ենք Պետդումայի հրավերը՝ ուղղված դեսպան Թրեյսիին՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հանձնաժողովի նիստին», - նշել են ԱՄՆ դիվանագիտական առաքելությունից։
Դեսպանատունը պնդում է, որ Միացյալ Նահանգները լիովին կատարում է կենսաբանական զենքի կոնվենցիայի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները, ոչ մի տեղ նման զենք չի մշակում կամ տիրապետում, ինչպես նաև, որ Վաշինգտոնն արդեն ամբողջովին հերքել է իր դեմ ուղղված մեղադրանքները։«Մենք Ռուսաստանի հետ խորհրդակցությունների այս գործընթացը համարում ենք ավարտված և փակված, այս հարցում ավելացնելու կամ քննարկելու այլ բան չկա»,- հայտնել են դեսպանատնից։
Ավելի վաղ Պետդումայի Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին օտարերկրյա միջամտության փաստերը հետաքննող հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարևը հայտնել էր, որ ԱՄՆ դեսպանին հրավիրել է Պետդումայում ապրիլի 18-ին կայանալիք հանդիպման՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի կողմից Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ հարցմանը պատասխան չտալու պատճառով։
Ռուսական կողմը բազմիցս ուշադրություն է հրավիրել ԱՊՀ տարածքում և Ուկրաինայում Վաշինգտոնի ռազմակենսաբանական գործունեության վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստան կատարած այցից հետո նշել էր՝ ԱՄՆ գործունեությունը ուղղակի սպառնալիք է կենսաբանական անվտանգության, մասնավորապես՝ հանրային առողջության և բնության համար։