Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է՝ Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։
Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մատվիենկոն ասել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ։
Մատվիենկոն շեշտել է, որ ռուսական կողմը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակներում հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Նրա խոսքով՝ Մոսկվան ներկայումս նույնպես շարունակում է այդ ջանքերը։
«Ռուսաստանն արել և անում է հնարավոր ամեն ինչ՝ եռակողմ համաձայնագրի շրջանակներում որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որը ժամանակին ստորագրել են երեք պետությունների ղեկավարները։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,- հավելել է նա։