«Ռուսաստանի ներկայությունն այդ տարածքում (Սյունիքի Տեղ գյուղի տարածքում-խմբ․), ըստ էության, չի խանգարել Ադրբեջանին՝ գնալ ագրեսիվ գործողությունների»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախօրեին Սյունիքի Տեղ համայնքի տարածքում ադրբեջանական կողմի իրականացրած ագրեսիվ գործողություններին ու ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե իրենք ամեն բան արել են՝ դեէսկալացիա հաստատելու ուղղությամբ։
«Միևնույն ժամանակ Ռուսաստանի գործողությունները, կարելի է ասել, պետք է բխեն նաև այն տրամաբանությունից, որ ինքն իրականացնում է ինչպես միջնորդական առաքելություն, այնպես էլ խաղաղապահ գործունեություն։ Այստեղ վստահորեն կարող եմ ասել, որ Ռուսաստանը թերացել է իր պարտականությունները կատարելու մեջ»,- ասաց նա։
Ռազմագետի խոսքով՝ եթե Ռուսաստանն անգամ չի թերացել ու ինչ-ինչ գործողություններ այդուհանդերձ իրականացրել է, ապա այդ գործողությունների նկատմամբ Ադրբեջանն առնվազն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել։
«Կարող եմ ասել, որ ռազմական գործողությունները դադարել են, քանի որ ՀՀ ԶՈւ-երը կարողացել են հակադարձել, կամ կարողացել են համապատասխան քայլերով ռեցնել թշնամուն»,- ասաց նա։
Այս առումով, փորձագետն անդրադառնում է ռուսական կողմի հայտարարություներին, թե իրավիճակը կարգավորվել է իրենց ձեռնարկած գործողությունների արդյունքում։
«Ասել կամ արդարանալ, թե մենք (նկատի ունի ռուսական կողմին- խմբ․) ենք արել դա, մենք ենք գնացել քայլի, որ լայնածավալ գործողություններ չեն սկսվել՝ մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ»,- ասաց նա։