Իրանական արտադրության ԱԹՍ-ներով Ադրբեջանին հարվածելու մեղադրանքներն ուղղված Հայաստանին՝ թշնամական կողմից հերթական մեդիագրոհն էր մեր երկրի նկատմամբ։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։
«Սա նախ սեփական ագրեսիան արդարացնելու փորձ էր, նաև Իրանին գործընթացի մեջ ներգրավելու սկիզբ կարելի է բնութագրել այս գործողությունը։ ԱԹՍ-ների, նաև Հնդկաստանի վերաբերյալ հայտարարությունը փորձ էին այդ երկու պետություններին քաշելու դեպի հակամարտություն՝ հայկական կողմին օժանդակելու մասով։
Սա նպատակ ուներ նաև ստանալու հակաիրանական ուժերի օժանդակությունը, և Պակիստանի օժանդակությունը՝ որպես Հնդկաստանի թշնամի պետություն։ Այսինքն, սա բավականին հետաքրքիր մեդիագրոհ էր Հայաստանի հանդեպ ու իրենց գրոհներն արդարացնելու փորձ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է իրանական կողմի հնարավոր միջամտության հավանականությանը՝ իրանագետն ասաց, որ տեղի ունեցածը բավանին արագ կասեցված գործողությունների պարագայում Իրանը կարիք չուներ որևէ միջամտություն կատարելու։ «Այդուհանդերձ, կարծում եմ, որ Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումը գրեթե բացառված է։ Նախ, քանի որ Իրանը չի ցանկանում բախման գնալ սեփական սահմաններին։ Բացի այդ, Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ ինքն այն պետությունը չէ, որ կարողանա Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել՝ թեկուզ Իսրայելի կամ Թուրքիայի օժանդակությամբ»,- ասաց նա։
Այս առումով, ըստ փորձագետի, առաջիկայում նախատեսվող նախարարների հանդիպմանն իրանական կողմը փորձելու է Ադրբեջանին հասկացնել, որ իր նկատմամբ նման քաղաքականությունը չի ներվելու։
«Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է ինտենսիվորեն զարգացնի Իրանի հետ հարաբերությունները՝ բոլոր ուղղություններով։ Հնարավորության դեպքում նաև պետք է ադրբեջանական հարձակման դեպքում գործակցել Իրանի հետ։ Այդ ցանկությունն ունեն նաև Իրանում»,- ասաց նա։