Թուրքական իշխանամետ Hürriyet պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ հոդված է հրապարակել, որում տեղ են գտել Optimar հետազոտական կազմակերպության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները։
Հաղորդվում է, որ հարցումներն անցկացվել են ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում՝ 4745 մարդու շրջանում։
Նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցին հարցման մասնակիցների 45.9%-ը հայտնել է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, 43.9%-ը՝ ընդդիմության միասնական թեկնածու, «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, 8.3%-ը՝ ընդդիմադիր Հայրենիք կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեի և 1.7%-ը` ծագումով ադրբեջանցի Սինան Օղանի։
Հատկանշական է, որ եթե Մուհարեմ Ինջեն ինքնաբացարկ հայտնի, ինչի շուրջ ներկայումս քննարկումներ են ընթանում, ապա հարցման մասնակիցների 54.3%-ը նշել է, որ կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին, 30.7%-ը՝ չի քվեարկի նրա օգտին, իսկ 15%-ը՝ կքվեարկի այլ թեկնածուի օգտին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։