Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանն ասել է, որ մարդկությունն գտնվում մի զգայուն ժամանակաշրջանում, երբ փոփոխվում է ուժերի հավասարակշռությունը, և աշխարհաքաղաքական լայնածավալ վերափոխումների և ռիսկերի ֆոնին Թուրքիան պետք է հզոր և միասնական լինի։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության այսօրվա նիստի ընթցքում։
Էրդողանը շեշտել է, որ ուրքիայի հարյուրամյակի գաղափարը կարևոր է ոչ միայն թուրք ժողովրդի, այլև իսլամական և թյուրքական աշխարհում Թուրքիայի բոլոր բարեկամների համար՝ Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա: Նրա խոսքով՝ Թուրքիան շատ ավելին է, քան 780 հազար քառակուսի մետր տարածքը և 85 միլիոն բնակչությունը։ «Աշխարհում մեր երկրի յուրաքանչյուր բարեկամ մեծ Թուրքիայի մի մասն է»,- ասել է նա։
Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակը աշխարհին ցույց է տվել առողջապահության համակարգի և պետական կառավարման խոցելիությունը՝ խորացող հակասությունների ու խնդիրների համատեսքտում։ Նա նշել է, որ ուկրաինական պատերազմի ֆոնին առկա ճգնաժամը սրվել է։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի ջանքերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ ակտիվ շփումների շնորհիվ խաղաղության հեռանկարները դեռևս օրակարգում են։ «Անկարայի ակտիվ ջանքերի շնորհիվ հնարավոր է կոնկրետ առաջընթացի հասնել։ Դրա վառ ապացույցը գերիների փոխանակումն է և հացահատիկի գործարքը»,- ասել է նա։
Էրդողանը պնդել է, որ Թուրքիան շարունակում է արդյունավետ դիվանագիտությունը, ինչը հնարավորություն է տալիս իրական արդյունքների հասնել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ Լիբիայում և Արցախում։ Նա ասել է, որ դեպի հզոր Թուրքիա տանող ճանապարհին յուրաքանչյուր նոր քայլ տրվել է մեծ դժվարությամբ։ «Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ մենք գործոն ենք, որն անհրաժեշտության դեպքում փոխում է իրավիճակը տեղում։ Դրա օրինակները շատ են՝ Արևելյան Միջերկրականից մինչև Թուրքիայի հարավային սահմանների մոտ ստեղծված իրավիճակ, Սև ծովից մինչև Կովկաս»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա ուշադրություն է հրավիրել վերջին տասնամյակներին Թուրքիայի ունեցած ձեռքբերումների վրա, այդ թվում՝ պաշտպանական համալիրի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում։ Էրդողանը հայտնել է, որ ժամանակակից Թուրքիան ինքն է արտադրում հայրենական ինքնաթիռներ և մեքենաներ:
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ ՄԱԿ-ի կառուցվածքը բարեփոխելու Անկարայի կոչն ավելի ու ավելի մեծ արձագանք է ստանում աշխարհում։ Նրա խոսքով՝ ներկայումս ավելի շատ երկրներ են կրկնում իր՝ «Աշխարհն ավելի մեծ է, քան հինգը» (նկատի ունի ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներին) հայտարարությունը։
Վերջինս նաև հավելել է, որ Անկարայի նախաձեռնությունների շնորհիվ իրականացվեց Թյուրքական պետությունների կազմակերպության ստեղծման ռազմավարական նախաձեռնությունը։
«Մենք ձգտում ենք մեծացնել համերաշխությունը իսլամական աշխարհում՝ առանց դրսից թույլտվություն խնդրելու: Արևմտյան աշխարհի հետ մեր երկխոսությունը հիմնված է մեր երկրի իրավունքներն ու շահերը պաշտպանելու հաստատակամ վճռականության վրա։ Մենք կշարունակենք մեր ուղին դեպի Թուրքիայի տնտեսական բարեկեցություն՝ ավելացնելով ներդրումները, ավելացնելով աշխատատեղերը, ավելացնելով արտադրությունն ու արտահանումը, նվազեցնելով արտաքին առևտրի դեֆիցիտը»,- եզրափակել է նա։