Եթե հայտնվեիր 70-ականներին Լենինականի արվեստի ու գրականության աշխարհում և հնչեցնեիր Աշոտ Ավդալյան անունը, գուցե քչերը ճանաչեին։ Պատճառն այն չէր, որ Աշոտին չգիտեին, այլ որովհետև բոլորը նրան դիմում էին Սուրբ մականվամբ ու շատերն էին մոռացել նրա իրական անունը։
Այդ տարիներին գրողներն ու արվեստագետները հավաքվում էին, ասում-խոսում, կարդում ու քննարկում։ Մի այդպիսի օր էլ Աշոտն ու ընկերները նստած էին քանդակագործ Զավեն Կոշտոյանի արվեստանոցում։ Աշոտը վեր կացավ ու ընթերցեց իր նոր բանաստեղծությունը՝ «Մենք աղոթում էինք տանը և վանքում»։ Մինչ օրս միայն 1973-ին «Բանվոր»-ում տպագրված այս բանաստեղծությունն այնքան է տպավորում ընկերներին, որ Աշոտին սկսում են
Սուրբ ասել։

Աշոտ Ավդալյանի ստեղծագործական դավանանքը վերադարձն էր ազգայինին։ Նրա ստեղծագործությունները լի են բանահյուսական և ավանդական մոտիվներով։ Նրա սերն այդ ամենի հանդեպ դրսևորվում էր ոչ միայն բանաստեղծություններում, այլև իր կյանքի մեջ։ Ասում են՝ Աշոտը հիանալի պարում էր և հատկապես շատ էր սիրում ժողովրդական ու հեթանոսական պարերը։ Գագիկ Սարոյանն իր հուշերով կիսվելիս նշեց, որ հարսանիքներից մեկի ժամանակ Աշոտը, գառն ուսին դրած, հեթանոսական պար էր պարում։ Այդ պահին նա կարծես իր պոեզիան կերպավորեր։ Բանաստեղծության մեջ Աշոտի հավատը բաշխված է և՛ դիցաբանության, և՛ քրիստոնեության մեջ։ Նա զարմանալիորեն համադրում է այս հակադրելին ու ստեղծում ծիսական հաջորդականություն՝ ցույց տալով, որ հավատքի առարկան փոխվելիս, անթույլատրելի է նախկինի բացառումը։ Ավդալյանի պոեզիան ոչ միայն երկնքի հրաշքների, այլև երկրի՝ բնության ու բնաշխարհի փառաբանումն է։ Նրա բանաստեղծություններից անհնար է չզգալ, թե ինչքան է սիրում իր հայրենի եզերքը՝ Ջաջուռը։
Ավդալյանի յուրօրինակ լեզվամտածողությունն ու պատկերային զուգորդումներն իրապես ասեղնագործում են բանաստեղծություն բնության, տիեզերքի և մարդու փոխհարաբերությունների մասին են։ Նրա բանարվեստին առանձնակի հուզական լիցքավորում և գունեղություն են հաղորդում խիստ ինքնօրինակ փոխաբերություններն ու մակդիրները: Նա համարձակորեն քամում է լեզվի շտեմարանները՝ զարգացնելով շարական երգի և հոգևոր ճառերի, միջնադարյան տաղերգուների բանարվեստի լեզվական առանձնահատկությունները։
Աշոտի մեջ ոչ միայն բառեր ասեղնագործելու մուսաներ էին ապրում, այլև ինքն իր հերթին մուսա էր շրջապատի արվեստագետների համար։ Նա յուրօրինակ ձգողական ուժ ուներ և իր շուրջն էր հավաքում արվեստի մարդկանց։ Նրան նկարեց և՛ Մինաս Ավետիսյանը, և՛ Վալմարը, իսկ քանդակագործ Զավեն Կոշտոյանը 1970-ականների սկզբին կերտեց նրա փայտե գլխաքանդակը, որը Վրաստանում կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ վաճառվեց։ Աշոտն անընդհատ հումորով ասում էր Զավենին՝ «Գլուխս ծախեցիր կերար, մի շիշ օղի էլ չառար»։
Աշոտ Ավդալյանն ու Մինաս Ավետիսյանը ծանոթանում են 1970-ականների սկզբին։ Մինասն ընթերցում է Աշոտի ձեռագրերն ու հիանում նրա բանաստեղծություններով ու պոեմներով։ Նա մեքենագրում է «Բնության ռեքվիեմ» («Եղերերգ առ բնություն»), «Տիեզերք», «Ձայնի փորձություն» պոեմները, իսկ «Տևտոնյան գիշեր» պոեմը մեքենագրելիս այնքան է տպավորվում, որ դրանից անմիջապես հետո վրձնում է Աշոտի դիմանկարը։

Քչախոս ու համեստ էր Շիրակ աշխարհի Սուրբը, իսկ Մինասն ամեն կերպ փորձում էր հանրայնացնել Աշոտին, թակում բոլոր հնարավոր ու անհնար դռները, որ ուղի հարթեր իր համագյուղացու համար։ Բայց սովետական մտածողությունն ու շատերի մոտ կարծրացած աթեիզմը ստիպում էր՝ այլ աչքով նայել Աշոտի պոեզիային։
«Մոտիկից առնչվողներն ինձ պատմել են, որ բանաստեղծությունների այս գրքի հեղինակը բացառիկ մաքուր էություն է եղել, այնքան մաքուր, որ ոգեղեն է թվացել ու թվացել է, թե երբ առնչվում ես հետը, ինքդ էլ ես մաքրվում,- գրում է Վահագն Դավթյանը Աշոտ Ավդալյանի՝ հետմահու տպագրված «Երկրատես» ժողովածուի առաջաբանում,- ․․․ասում են շատ համեստ է եղել, ոմանց նման տպագրվելու մարմաջով տարված չի ծեծել խմբագրությունների դռները, ինքնագոհությունից ու ինքնագովությունից մղոններով հեռու է եղել և չի դիմել ավագների օգնությանը, իր գործերն առաջ տանելու համար․․․»: Ահա այսպիսին էր Աշոտ Ավդալյանը։
Աշոտ Ավդալյանին վրձնեց նաև մյուս նկարիչ ընկերը՝ Վալմարը։ Նկարն արվել է 1976-ի դեկտեմբերին։ Այստեղ Աշոտն այնքան երջանիկ էր․ օրեր առաջ ամուսնացել էր։

1980-ին երկար դեգերումներից ու կրճատումներից հետո վերջապես ընթերցողի սեղանին է դրվեց Աշոտ Ավդալյանի առաջին՝ «Նավասարդ» բանաստեղծությունների ժողովածուն, որը, փաստացի, նախկինում երկու անգամ տպագրության ներկայացրած «Արևանթեմ» ժողովածուի կրճատված տարբերակն էր՝ 250 բանաստեղծությունից տպագրվել է 41-ը։
1981-ին Աշոտը տպագրության հանձնեց «Բանաստեղծություններ և պոեմներ» ժողովածուն, ապա նաև «Համերամ զարկ»-ը։ Տարակարծությունները դեռ շարունակվում էին նրա պոեզիայի շուրջ՝ մինչդեռ բանաստեղծի միտումը վերադարձն էր հայկական արմատներին։
1984-ի գարնանը Աշոտ Ավդալյանը դառնում է գրողների միության անդամ։ Ստորև ներկայացնում ենք գրողի ձեռագիր ինքնակենսագրականը, որ նա ներկայացրել է գրողների միություն։

Շուտով լույս է տեսնում Աշոտի «Արծաթե օր» բանաստեղծությունների ժողովածուն, որի մասին Հակոբ Մովսեսը պետք է գրեր՝ «․․․այս գիրքը և նրա լեզուն մեզ ահա կնքում են և մկրտության այդ բանաստեղծական ծեսով մեկընդմիշտ ապահովում մեր գոյությունը․․․»:
Աշոտի առողջական վիճակն այս ընթացքում օրեցօր վատանում էր, դժվարանում էր տնից դուրս գալ․ ընկերներն էին գալիս իրենց ասած՝ «Սրբին ի տես»։ 1984-ի դեկտեմբերի 19-ի առավոտյան Հրաչյա Թամրազյանը, թեև նախորդ օրն էր այցի եկել Աշոտին, նորից եկավ՝ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթը ձեռքին։ Թերթում տպագրվել էր այդ ժամանակաշրջանում Աշոտին լավագույնս ներկայացնող բովանդակալից հոդված Հրաչյա Թամրազյանի ձեռամբ։ Բերել էր, որ Աշոտը կարդա, մինչդեռ նախորդ օրը ոչինչ չէր ասել հոդվածի մասին։ Այդ հոդվածը հետագայում աննշան փոփոխություններով պետք է դառնար «Կյանքից դեպի կյանք» հետմահու տպագրված ժողովածուի առաջաբանը։
Կյանքի վերջին շրջանում Աշոտը պնդեց, որ ընտանիքի՝ կնոջ և երկու դստեր հետ, վերադառնան Լենինական։ Անընդհատ կրկնում էր՝ «Իմ գերեզմանը պիտի Ջաջուռում լինի»։
Մահվան մահճին գամված բանաստեղծն անընդհատ կրկնում էր․ «Պիտի «Նարեկս» գրեմ, «Նարեկս» մնաց» (խոսքը «Նարեկ» անավարտ պոեմի մասին է)։ Նրա դեմքն օրեցօր գունատվում էր, իսկ վերջին րոպեների պատկերը՝ մարող աչքերն ու ներերակային սրսկումից սավանին ցայտած արյունը սարսռելու աստիճան նման էր Մինաս Ավետիսյանի վրձնած դիմանկարին։ Կարծես Մինասը տարիների հեռվից տեսել էր Աշոտի կյանքի վերջին ակնթարթն ու հանձնել կտավին։ Աշոտ Ավդալյանը մահացավ 1985-ի փետրվարի 9-ին՝ 37 տարեկան հասակում։

Աշոտի մահից անցել էր 40 օր։ Նրա տուն եկան ընկերները՝ Հրաչ Բեյլերյանը, Հակոբ Մովսեսը, Հրաչյա Թամրազյանն ու երկու անքուն գիշերվա մեջ ընտրեցին բոլոր այն բանաստեղծությունները, որոնք ավելի ուշ ներառվեցին «Երկրատես» ժողովածուում։ Աշոտի մահից հետո, ընկերներից շատերը նրան նվիրված բանաստեղծություններ գրեցին, սակայն այսօր կառանձնացնենք Աշոտի ամենամտերիմ ընկերոջ՝ բանաստեղծ Աղվան Վարդանյանի տողերը նվիրված Աշոտ Ավդալյանին․
Սիրո իշխանություն
Աշոտ Ավդալյանին
Այս ջրերի հետ ընթանալիս
Անշարժանում եմ մի կարճ միջոց,
Մոտեցեք, բռնեք ձեռքերը իմ՝
Ես բացված դուռ եմ, որի միջով
Իմ կյանքն ու մահն են գնում-գալիս՝
Ղողանջումներով յոթնապատիկ,
Ընծայելով սեր ու մոռացում,
Ձայն մի հնչել, ու ջուրն է հոսում,
Եվ կյանքի նուռը հատիկ-հատիկ
Շաղվում է, մահվան կուժը լեցուն
Պաղ փշրվում է սալքարերին,
Ուրկից ծաղիկն է թռչում սիրո,
Թռչում, իմ կրծքին անշարժանում,
Բուրում ՝ խաղաղ ու ցնծալից՝
Մոտեցեք, բռնեք ձեռքերը իմ,
Նրա պատկերը պահենք սիրով
Այս աշխարհի մեջ հրաշանուն,
Այս ջրերի հետ ընթանալիս։
1997-ին տպագրվում է «Կյանքից դեպի կյանք» ժողովածուն Հրաչյա Թամրազյանի առաջաբանով, իսկ 2005-ին՝ «Հիշատակի զարդատուփ»-ը։
Շատերն այսօր Աշոտ Ավդալյանի պոեզիայի մասին խոսելիս համեմատականներ են տանում նրա և Միսաք Մեծարենցի միջև՝ նշելով, որ ինչպես Մեծարենցի, այնպես էլ Ավդալյանի պոեզիայի ակունքները բխում են հին դարերի շարականներից, Շնորհալուց ու Նարեկացուց, սակայն Ավդալյանի համոզմամբ իր ընտրած ուղու ակունքում կանգնած էր Դանիել Վարուժանը։ Եվ այստեղ տեղին է հիշել Աշոտի՝ արևին նվիրված շարքը, հեթանոսական ծիսական բանաստեղծությունները։ Աշոտի առանձնահատուկ սերը Վարուժանի հանդեպ երևում է նրա՝ «Իմ Վարուժանը»
հոդվածում, որտեղ միայն վերնագրից զգացվում է նրա սերը արևմտահայ այս գրողի հանդեպ։
Աշոտը լրջորեն ուսումնասիրում էր գրաբար, բանահյուսություն, անընդհատ վերընթերցում հայ պատմիչներին ու Աստվածաշունչը։ Շատ էր սիրում բառարաններ կարդալ, գիտեր գերմաներեն, թարգմանություններ էր անում Ռիլկեից, մի խոսքով ապրում ու լուռ գրում էր՝ դարի աղմուկի մեջ մաքրագործելով հայ պոեզիան։

Հաստատապես գալու է Աշոտ Ավդալյանի ժամանակը, երբ կարդալու ու հիանալու են հայ գրականության ակունքներից սնված ու սեփական լայն հունը բացած այս պոետով։ Այս գետը դեռ շատ է վարարելու ու զարդանկարներ ասեղնագործելու պոեզիայից օտարացած հոգիներում։
Արմինե Մուրադյան