Հայ երիտասարդ մարմնամարզիկները փայլուն մրցելույթներ են ունեցել Թուրքիայում
copy image url

Հայ երիտասարդ մարմնամարզիկները փայլուն մրցելույթներ են ունեցել Թուրքիայում

Սպորտ 2 տարի առաջ - 13:25 03-04-2023
Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայում մասնակցել է աշխարհի երկրորդ առաջնությանը և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժության արդյունքներով արծաթե մեդալին արժանացել է Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով: Մանուկյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 13.633 միավոր:

Հաղթանակից հետո 15-ամյա Համլետ Մանուկյանը նշել է՝ իր համար մեծ պատիվ է Թուրքիայում ՀՀ պետական օրհներգը հնչեցնելը.

«Շատ լավ զգացողություններ ունեմ: Շատ հպարտ եմ ու շատ ուրախ, որ կարողացա Թուրքիայում հնչեցնել հայոց հիմնը, և կարողացանք ես ու իմ ընկերը մեր դրոշը բարձրացնել: Մյուս ընկերոջս համար նույնպես շատ ուրախ եմ: Ցավոք սրտի, Էրիկին փոքր-ինչ պակասեց մեդալակիր դառնալու համար: Այս աշխարհի առաջնությունից հետո պետք է ավելի բարդ վարժություններ կատարենք գործիքների վրա»:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 4-րդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում և զուգափայտերում՝ չնչին միավորով զիջելով մեդալակիր մարզիկներին: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև բազմամարտի եզրափակչում: Համլետ Մանուկյանը 78.666 միավորով գրավել է 6-րդ, իսկ Էրիկ Բաղդասարյանը՝ 12-րդ տեղը:

Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն աշխարհի երիտասարդական առաջնությունում հանդես էր գալիս մրցավարական թիմում, նշել է՝ մեդալները սպասելի էին.

«Անսպասելի էր թիմային շատ բարձր արդյունքը․ 4-րդ տեղը աշխարհում շատ բարձր արդյունք է, իսկ որ մեդալ պիտի նվաճեինք, սպասում էինք։ Ամենաշատը ուրախ եմ, որ ցույց են տալիս՝ մենք ունենք ապագա»: Հայաստանի հավաքականի մրցելույթները մեկնաբանել է նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը. «Արդյունքները, կարծում եմ, սպասվածից լավ են։ Մարմնամարզության դեպքում միշտ մեդալների ենք սպասում, բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ աշխարհի ուժեղագույնների մեջ թիմային հաշվարկում 4-րդ հորիզոնականը զբաղեցնելն արդեն քայլ է։ Դա արդեն նշանակում է, որ մեր երիտասարդները արժանի փոխարինողներ են մեծահասակներին։ Ընդհանուր ամփոփելով՝ կարող եմ ասել, որ շնորհիվ մեր մարզիչների՝ փայլուն աշխատանք է կատարված, բայց երբեք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, պետք է շարունակենք աշխատել»:

Նշենք՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն առաջին անգամ ներկայացուցիչ է ունեցել աղջիկների մրցապայքարում: 14-ամյա Մարիետա Բուչախչյանը հանդես է եկել բոլոր չորս գործիքների վրա, վաստակել է 40,065 միավոր և գրավել 108-րդ տեղը:

Հայաստանի հավաքականները հանդես են եկել մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ երիտասարդ հայ մարմնամարզիկները մարտի 11-ից 25-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Նշենք՝ Անթալիայում ապրիլի 11-16-ը կանցկացվի նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 5 մարզիկով: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը մարտի 25-ից ապրիլի 8-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում: Նրանք Եվրոպայի առաջնությունում հանդես կգան մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված կլինեն նաև Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում