Մենք Հայաստանի հետ սահմանին շատ բարենպաստ դիրքեր ենք զբաղեցրել և չենք հեռանալու այդտեղից. Ալիևը պնդում է՝ ինժեներական և ամրակայման աշխատանքները գրեթե ավարտված են
copy image url

Մենք Հայաստանի հետ սահմանին շատ բարենպաստ դիրքեր ենք զբաղեցրել և չենք հեռանալու այդտեղից. Ալիևը պնդում է՝ ինժեներական և ամրակայման աշխատանքները գրեթե ավարտված են

Արտաքին 2 տարի առաջ - 18:00 28-03-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բերձորի (Լաչին-խմբ) շրջանի պատմությունից անհրաժեշտ է դասեր քաղել։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է օկուպացված Բերձորում իր հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ալիևը շեշտել է, որ այսուհետև շրջանի անվտանգությունը պաշտպանելը և այնտեղից տեղահանված անձանց վերադարձը կազմակերպելն իրենց հինական խնդիրներից է։ Նա նշել է, որ Բերձորում Հայաստանի հետ սահմանի բոլոր ինժեներական և ամրակայման աշխատանքները գրեթե ավարտված են։ Նրա խոսքով՝ կառուցվել են աննախադեպ միջպետական, միջգյուղական, ինչպես նաև մարտական դիրքեր տանող ճանապարհներ։

«Այսպիսով, այսօր մենք շատ բարենպաստ դիրքեր ենք ձեռք բերել ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ, և այս դիրքերում ամրապնդվում ենք, և մնալու ենք այս դիրքերում։ Իհարկե, Լաչինի շրջանի անվտանգության հետ կապված այլ քայլեր և միջոցներ են ձեռնարկվում, և այդ միջոցառումները հնարավորություն են տալիս այնտեղ վերադառնալու մեր հայրենակիցներին ապրել հարմարավետ և ապահով»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է նաև, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ Բերձորի շրջանը հանձնվեց Ադրբեջանին շրջկենտրոն Բերձոր քաղաքը դուրս էր մնացել Ադրբեջանի վերահսկողությունից, քանի որ Հայաստանից Արցախ տանող ճանապահն անցնում էր քաղաքի միջով։ Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի հետ ժամեր տևած ցերեկային հեռախոսազրույցների արդյունքում հաջողվեց համաձայնության հասնել քաղաքը Ադրբեջանին հանձնելու հարցում։

Ալիևն ասել է, որ իր պահանջով վերջնական վերջնական հայտարարության մեջ ներառվել է այլընտրանքային ճանապարհի կառուցումը և դրա համար հստակ ժամկետ է նշվել։ Նրա խոսքով՝ պայմանավորվածության համաձայն քննարկումները պետք է անցկացվեին երեք տարվա ընթացքում, սակայն պատերազմի ավարտից անմիջապես հետո ինքը հանձնարարել է որոշել նոր ճանապարհի երթուղին և բոլոր տեխնիկական պարամետրերը, իսկ մեկուկես տարի անց ճանապարհն արդեն պատրաստ էր։

Ադրբեջանի առաջնորդը նշել է, որ Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհը շահագործման է հանձնվել 2022 թվականի օգոստոսի 2-ին, ինչից հետո Բաքուն ռուս խաղաղապահներին հաղորդագրություն է փոխանցել առ այն, որ վերջիններս պետք է իրենց դիրքերը մինչև օգոստոսի 5-ը ներկայիս երթուղուց տեղափոխեն դեպի նոր ճանապարհ։ Նա հայտնել է նաև, որ այդ ժամանակ Արցախի իշխանությունները խնդրել են մինչև օգոստոսի 25-ը ժամանակ տրամադրել՝ քաղաքի և հարակից՝ Աղավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչներին և նրանց ունեցվածքը տարհանելու համար։

«Ես դեմ չէի դրան, քանի որ 20 օրն այդքան մեծ նշանակություն չուներ: Այսպիսով, օգոստոսի 25-ին, կատարված աշխատանքների արդյունքում Լաչին քաղաքում, Զաբուխ և Սուս գյուղերում ապօրինի բնակություն հաստատած բոլոր հայերը հեռացվել են այնտեղից։ Օգոստոսի 26-ին վերադարձանք Զաբուխ, Սուս գյուղեր և Լաչին քաղաք։ Դրանից հետո ես այցելեցի Լաչին քաղաքը, քաղաքի կենտրոնում բարձրացրի Ադրբեջանի դրոշը և հայտարարեցի, որ մենք հավերժ ապրելու ենք այս հայրենի հողում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված