Վաղը ԵՊՀ-ում կանցկացվի արդեն ավանդական դարձած գրաբարի օլիմպիադան, բայց այս տարվա օլիմպիադան տարբերվում է նախորդներից։
Օragir.News-ի հետ զրույցում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆ. Աննա Աբաջյանը ասաց, որ նախորդ տարիներին էլ գրաբարի օլիմպիադաներ անցկացվել են, բայց այս տարվա օլիմպիադան տարբերվում է նախորդներից։
«Հայոց լեզվի պատմության ամբիոնը օլիմպիադաներ անցկացրել է, միայն այս վերջին տարիներին, համավարակով պայմանավորված, երկու տարի չի կազմակերպվել, բայց անցյալ տարի կազմակերպել էինք։ Դա վերաբերում էր համալսարականներին, համալսարանական օլիմպիադա է եղել, հանրապետական չի եղել, մասնակցել են հիմնականում Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, ինչպես նաև Պատմության, Աստվածաբանության, Արևելագիտության, երբեմն էլ Ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողները»,- ասաց Աբաջյանը։
Աբաջյանը նշեց, որ եղել են դեպքեր, որ ֆակուլտետի շրջանավարտները, իմանալով օլիմպիադայի մասին, ցանկություն են հայտնել մասնակցել։
«Ունեցել ենք դեպքեր, երբ շրջանավարտներ էլ են եկել, 10 տարի առաջ ավարտած մեր նախկին ուսանողները, կարդալով օլիմպիադայի մասին, եկել, մասնակցել են։ Այս տարի փոխվել է կարգը, մենք համագործակցում ենք «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի, ինչպես նաև Արարատյան Հայրապետական թեմի հետ»։
Հարցին, թե ինչպես եղավ ծանոթությունը և համագործակցությունը, Աբաջյանը պատասխանեց. «Մենք դասական դպրոցի հետ ամիսներ առաջ կնքեցինք հուշագիր, որի համաձայն՝ մեր 4-րդ կուրսի ուսանողուհիներից մեկը՝ Էլեն Միրաքյանը, պետք է ավարտական աշխատանքը գրի «Գրաբարի դասագիրք տարրական դպրոցի ուսուցիչների համար» վերնագրով, ավարտական աշխատանքը պաշտպանելուց հետո այդ աշխատանքը պետք է որպես գիրք տպագրվի, և «Դասական դպրոց» հիմնադրամը պարտավորվել է այդ աշխատանքը կատարելու դիմաց Էլենին ապահովել աշխատանքով։ Մեր հուշագիրը դրան էր վերաբերում, այս հուշագրի կնքումից հետո եղավ նաև հաջորդ առաջարկը․ իրենք օլիմպիադա առաջարկեցին, ես ասացի, որ մենք ամեն տարի անցկացնում ենք օլիմպիադա։ Առաջարկը սկզբում հետևյալ կերպ եղավ․ կազմակերպենք մի օլիմպիադա ուսանողների համար, հաջորդը՝ աշակերտության համար, այսինքն՝ տարբեր մակարդակների»։
Հարցին, թե քանի մասնակից ունեն, և ովքեր են մասնակցելու, Աբաջյանն արձագանքեց. «Մոտավորապես 40 հոգի կլինեն, հիմնականում ԵՊՀ-ի ուսանողներ են, մասնակցում են մանկավարժական համալսարանի ուսանողները, Գևորգյան ճեմարանի ուսանողներ, Արցախի պետական համալսարանից մեզ միանալու են տեսակապով, և ուրախալի փաստը այն է, որ մեզ միացել են նաև ավագ դպրոցներից, և զարմանալին այն է, որ այդ աշակերտները բնավ էլ հումանիտար հոսքից չեն, այլ մաթեմատիկական․ Ֆիզմաթ դպրոցից են»,- ասաց Աբաջյանը։
Հարցրինք Աբաջյանին, թե որտեղից ավագ դպրոցի աշակերտներին գրաբարից նման խորացված գիտելիքներ, որ օլիմպիադայի են մասնակցում։ Նա ասաց. «Ինձ թվում է՝ ինքնակրթությամբ են այս երեխաները գրաբարին տիրապետել, կամ, հնարավոր է, ուսուցչի կամ դասախոսի երեխաներ են, սովորել են, չեմ կարող հստակ ասել, բայց ամեն դեպքում՝ ճիշտ եք նկատում, որ դպրոցում գրաբարին անդրադարձը շատ քիչ է, և ցանկալի կլիներ՝ ավագ դպրոցում մեկ կիսամյակով գրաբարը մտցնեին որպես առանձին առարկա և ուսուցանեին, քանի որ դա շատ կարևոր է աշակերտի համար, և գրաբարի իմացությունը դառնում է բանալի աշակերտի համար՝ հասկանալու տվյալ բառի ուղղագրությունը, ծագումը և բառակազմությունը։ Ի վերջո, գրաբար սովորող երեխան փոխվում է, նրա խոսույթն էլ է փոխվում, ես չափազանց կարևորում եմ գրաբարի իմացությունը, քանի որ այն հզոր ամբար է, մեծ շտեմարան, որից անընդհատ կարելի է օգտվել»,- ասաց Աբաջյանը։
Խոսելով նախորդ տարիներին գրանցած արդյունքներից և պարգևներից՝ Աբաջյանն ասաց, որ մասնակիցներին հավաստագրեր են տվել, առաջին, երկրորդ և երրորդ կարգերն զբաղեցնողներին գրքերով պարգևատրել են, գեղեցիկ միջոցառում են կազմակերպել։
«Այս տարվա միջոցառումը առանձնանում է նրանով, որ ունենք հովանավորներ «Ինստիգեյթ» և «Բուտեղ» ընկերությունները, որոնք ֆիմանսական մրցանակներ են սահմանել։ Փոխվել են նաև անվանակարգերը, երկու անվանակարգով է լինելու։ Նախորդ տարիներին եթե մենք տալիս էինք գրաբարով տեքստ, որը պետք է աշխարհաբար փոխադրեին, այս տարի հակառակն է՝ աշխարհաբարից գրաբար, որը ավելի դժվար է։ Մի անվանակարգ էլ ունենք, որ պետք է շարադրություն գրեն։ Գրաբարով պետք է մեկ էջի սահմանում ազատ թեմայով շարադրություն գրեն, այսինքն՝ թեման այդ պահին պետք է որոշվի, և օլիմպիադայի մասնակիցը պետք է կարողանա իր մտքերը ազատ շարադրել գրաբարով»։
Աբաջյանը նշեց նաև, որ առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը կստանա 100. 000 դրամ, երկրորդը՝ 50. 000 դրամ, երրորդը որպես մրցանակ կստանա գրքեր։