Մոնա Լիզա. հինգ այլընտրանք
copy image url

Մոնա Լիզա. հինգ այլընտրանք

Մշակույթ 2 տարի առաջ - 16:31 19-03-2023
«Մոնա Լիզան» ոչ միայն Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավն է, այլ առհասարակ բոլոր ժամանակների ամենահայտնի նկարն է։ Սա գլուխգործոց լինելուց զատ, նաև հայտնի է դարձել իր շուրջ ծավալված դեպքերի և իրադարձությունների շնորհիվ։ Դա Վինչիի չքնաղ այս գործը երկար ժամանակ կախված է եղել թագավորի լոգարանում, ապա մի քանի անգամ այն առևանգել են, վանդալիզմի դեպքեր նույնպես գրանցվել են։ Վերջերս ցուցարարներից մեկը մի ամբողջ տորթ նետեց աշխարհահռչակ այս տիկնոջ դեմքին։ Բարեբախտաբար կտավը չվնասվեց, քանի որ գտնվում է զրահապատ ապակու հետևում։

Լեոնարդո դա Վինչիի հանճարեղ այս աշխատանքը, ցուցարարներից ու գողերից բացի, բոլոր ժամանակներում հանգիստ չի տվել նաև նկարիչներին։ Լեոնարդոյի կրտսեր գործընկերները ժամանակ առ ժամանկ անդրադարձել են Մոնա Լիզային, փորձել վերաիմաստավորել, վեստեղծել ու վերաձևել խորհրդավոր այս կնոջ կերպարը։ Այսօր ձեզ ենք ներկայացնում «Մոնա Լիզայի» այլընտրանքային տարբերակներ, որոնք ստեղծել են ոչ պակաս հայտնի ու աշխարհահռչակ 5 նկարիչներ։


Մարսել Դյուշան L.H.O.O.Q

Մարսել Դյուշանը միանգամից դարձավ սկանդալային նկարիչ, երբ 20-րդ դարի սկզբին սկսեց ստեղծել իր «readymade»-երը, այդ կերպ փորձելով հեղափոխել արվեստի աշխարհը։ Նա սովորական, կենցաղային իրերը ցուցասրահում տեղադրելով շրջանակի մեջ կամ պատվանդանի վրա, վերածում էր դրանք արվեստի գործերի: Դյուշանի ամենահայտնի աշխատանքը` պիսուարն է (միզարան), որի վրա նկարիչը մակագրեց R. Mutt և վերածեց արվեստի գործի` այն անվանելով «Շատրվան»:




1919 թվականին Դյուշանը ստեղծում է Մոնա Լիզայի իր տարբերակը։ Նա օգտագործում է կտավի բացիկային տարբերակը, որի վրա նկարում է սրածայր բեղեր և փոքրիկ մորուք: Սրա տակ նկարիչը մակագրում է L.H.O.O.Q: Այս արտահայտությունը ֆրանսերեն արտասանվում է «Elle a chaud au cul», որը թարգմանում են տարբեր կերպ:
Դյուշանի վերաձևմամբ կանացիության խորհրդանիշը ձեռք բերեց առնական հատկանիշներ։ Նկարիչը հայտարարեց. «Նա տղամարդ է»։

Գրեթե սրբացված այս կերպարը տապալելով՝ Դյուշանը բարձրացրեց գեղագիտության և արվեստի փոխհարաբերությունների հարցը, ընկալման ու երևակայության բազմաշերտության խնդիրը։ Իր ողջ կյանքի ընթացքում նկարիչը այս պատկերին անդրադարձավ բազմաթիվ անգամներ։ Նա տարբեր չափերի և տարբեր տեխնիկայի մեջ ստեղծեց L.H.O.O.Q-ի 38 տարբերակ։



Բենքսի «Մոնա Լիզան բազուկայով»

Բենքսին աշխարհի ամենահայտնի փողոցային նկարիչն է։ Նրա գրաֆիտիները հաճախ հայտնվում են ամենաանսպասելի վայրերում, բայց հազվադեպ են այնտեղ երկար մնում։ Նրա աշխատանքները վաճառվում են միլիոնավոր դոլարներով։ Բազմաթիվ անգամներ ամբողջական պատեր են պոկվել շենքերից, որպեսզի սեփականատերերը կարողանան վաճառել իրենց անսպասելի հայտնված հարստությունը։



2007 թվականին Լոնդոնի Սոհոյում Բենքսին ստեղծեց Մոնա Լիզայի իր տարբերակը։ Այս անգամ խորհրդավոր ժպիտով ու հայացքով աշխարհահռչակ այս կինը արվեստասերների առջև հայտնվեց ամերիկյան հայտնի բազուկա զենքով։ Սարսափելի ու մահաբեր զենքը ձեռքին Մոնա Լիզան կորցրեց իր կանացիությունը, խորհրդավորությունը, քնքշությունը։ Նկարում նրա նուրբ ժպիտը վերածվեց մոլագար քմծիծաղի: Այսպես ժպտում են նրանք, ովքեր պատրաստվում են մեծ կործանումների...

Քչերը տպավորվեցին բռնության և բարձր արվեստի այս համադրությամբ: Մամուլում տեղ գտած ամենատարբեր բնութագրումների մեջ ամենաշատը աչքի ընկավ ու հիշվեց հետևյալ բնորոշումը. «Միայն փոքր առնանդամ ունեցող տղաներն են պատկերում են մեծ ու հզոր զենքեր»։



Սալվադոր Դալի «Ինքնադիմանկար Մոնա Լիզայի կերպարով»

Սալվադոր Դալին` մեծ սյուրռեալիստը, ում հալվող ժամացույցներով կամ բծավոր փղերի երազային բնապատկերներով աշխատանքներն ակնթարթորեն ճանաչելի էին դառնում, իր ողջ կյանքում ոչ միայն նկարել է արվեստի տարօրինակ գործեր, այլեւ իր ողջ կյանքը վերածել է յուրահատուկ պերֆորմանսի։ Նրա էքսցենտրիկության մեջ մեծ ու կարևոր դեր են խաղացել իր սրածայր ու շրջված բեղերը։ Ավելին` նույնիսկ գիրք-ալբոմ կա տպագրված «Դալիի բեղերը» վերնագրով, որտեղ զետեղված են նրա 36 լուսանկարները։ Դրանցից մեկը կոչվում է «Ինքնադիմանկար Մոնա Լիզայի կերպարով»։



Դալիի բեղերով Մոնա Լիզան ինչ-որ չափով հիշեցնում է Դյուշանի ստեղծած կերպարին։ Սակայն, ի տարբերություն Դյուշանի, որը ընդամենը բեղ ու մորուք էր ավելացրել բացիկին, Դալին Մոնա Լիզայի իր տարբերակի վրա ամբողջությամբ սեփական դեմքն էր սոսնձել։ Փոխել էր ձեռքերը, ավելացրել մետաղադրամներ։ Նրա կլորացած, զարմացած աչքերը իր վերաբերմունքն էին արտահայտում դասական արվեստի գործերի համար վճարվող հսկայական գումարների խելագարությունը ցույց տալու համար։



Ֆերնանդո Բոտերո «Մոնա Լիզա»

Յուրաքանչյուր նկարչի հնարավոր է հեշտությամբ ճանաչել ու մտապահել, եթե նա ունի իր ուրույն ոճն ու ձեռագիրը։ Ֆերնանդո Բոտերոն, անշուշտ, նրանցից մեկն է։ Նա հայտնի է իր գիրուկ կերպարներով։ Բոտերոյի ստեղծած պարարտ հերոսների շարքում հայտնվել է նաև Լեոնարդո դա Վինչիի նրբիրան ու գեղեցիկ հերոսուհին։ Մոնա Լիզան, բնականաբար, Բոտերոյի վրձնի տակով անցնելիս փխրուն տիկնոջից վերածվել է մի հաստլիկ սոխուկի։



Բոտերոն նկարել է Մոնա Լիզայի մի քանի տարբերակներ: Դրանցից մեկում նկարիչը հայտնի այս կնոջը պատկերում է նույնիսկ պատանեկան տարիքում և նկարը կոչվում է «Մոնա Լիզա, տասներկու տարեկան», ով մեզ է ներկայանում հիվանդ ու կանաչ աղջկա կերպարանքով։



Սոֆի Մատիս «Կվերադառնամ 5 րոպեից»

Նրանք, ովքեր Լուվրում իրականում տեսել են «Մոնա Լիզան», ամենայն հավանականությամբ, մեծ հիասթափություն են ապրել՝ նախ նկարի փոքրությունից,ապա նաև ցուցադրության ձևից։ Նկարին մոտենալ հնարավոր չէ, իսկ հեռվից ոչ մի դետալ տեսնել չես կարող։ Յուրաքանչյուրի ուշադրությունը սևեռվում է հերոսուհու հայտնի ժպիտին, ձեռքերին, աչքերին, բնականաբար անտեսելով հետևի ֆոնը` երևակայական լանդշաֆտը` սարերով, արահետներով և կամրջով:



Եվ ահա հետևի ֆոնը տեսնելու հրաշալի հնարավորություն է ստեղծել Սոֆի Մատիսը` հայտնի նկարիչ Անրի Մատիսի ծոռնուհին է։ Նրա ստեղծագործությունը կոչվում է «Կվերադառնամ 5 րոպեից»։ Նկարչուհին կտավից հեռացրել է Մոնա Լիզային, թողնելով միայն հիասքանչ բնապատկերը։ Հումորով, վառ երևակայությամբ այս գործը Վերածննդի հանճարի յուրօրինակ վերարտադրությունն է, որը ժպիտ է առաջացնում և հնարավորություն տալիս ուշադրություն դարձնելու նաև կտավի այլ մանրամասներին։


Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված