Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռասիսին հայտարարել է, որ չնայած բոլոր ճնշումներին երկում բիզնեսները զարգանում են։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Ռաիսին ասել է Թեհրանի մետրոպոլիտենի 5 նոր կայարանների բացման արարողության ժամանակ։
Իրանի նախագահի խոսքով՝ երկրի թշնամիները չեն ցանկանում, որ Իրանը առաջադիմի և իրանական արտադրությունը զարգանա։ Նա ողջունել է Թեհրանի քաղաքապետին և քաղաքապետարանին՝ իրենց ցուցաբերած մեծ ջանքերի համար՝ նշելով, որ նրանց զոհողություններն ու մեծ աշխատանքը մարդկանց ավելի երջանիկ են դարձնում։
Ռաիսին քաղաքային տրանսպորտի պարկի զարգացման ոլորտում Թեհրանի քաղաքապետարանի գործողություններն ու ծրագրերը խոստումնալից է համարել։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները իրենց պարտքն են համարում աջակցել Թեհրանի քաղաքապետարանին՝ բնակչությանը ուժեղ և որակյալ ծառայություններ մատուցելու գործում։
Իրանի նախագահը շեշտել է, որ այսօր երկրի թշնամիները ձգտում են իրանական հասարակության մեջ հուսահատություն մտցնել։ Նա ասել է, որ երկրում տիրում է աշխատանքի և ջանքերի մթնոլորտ, իսկ նման մթնոլորտը վստահաբար մարդկանց գոհունակություն ու վստահություն կբերի, ինչպես նաև ուժ կստեղծի երկրի համար։
«Թշնամին չի ցանկանում, որ երկիրը զարգանա, և մեր ժողովուրդը լավ լուրեր լսի, ուստի փորձում է թերագնահատել չտեսնված ուժեղ կողմերը և մեծացնել թույլ կողմերը, որոնք կան աշխարհի ամեն անկյունում»,- հայտարարել է Ռաիսին։
Վերջինս անդրադարձել է գիտելիքահենք արտադրության տարբեր ոլորտներում կատարված մեծ աշխատանքին։ Նա հավելել է, որ Իրանը դեռևս շատ հաջողությունների է հասնելու, որոնք իր երիտասարդների ջանքերի և համառության արդյունքն են։