Լուկաշենկոն մեկնել է Թեհրան. Իրանը և Բելառուսը համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել
copy image url

Լուկաշենկոն մեկնել է Թեհրան. Իրանը և Բելառուսը համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել

Արտաքին 2 տարի առաջ - 15:20 13-03-2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեն ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում Բելառուսի նախագահին դիմավորել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը։

Հաղորդվում է, որ Ռաիսիի և Լուկաշենկոյի հանդիպումը կայացել է Թեհրանի Սաադաբադի մշակութային-պատմական համալիրում։ Իրանի և Բելառուսի նախագահներն անդրադարձել են արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր։

Թեհրանում կայացած բանակցություններից հետո Լուկաշենկոն և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ստորագրել են 2023-2026 թվականներին երկու երկրների միջև համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզը, ինչպես նաև ևս յոթ փաստաթուղթ։ Փաստաթղթերը ստորագրվել են Թեհրանի և Մինսկի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը, գյուղատնտեսությունը, մշակույթը, արվեստը, գերիների փոխանակումը և համապարփակ համագործակցությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Լուկաշենկոն Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ Ռաիսիին ուղղված շնորհավորանքում հայտնել էր, որ մոտ ապագայում կայցելի Թեհրան՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր քննարկելու համար։





Ամենից շատ դիտված