Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերջին երկու օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված անձինք ազատ են արձակվել։ Ինչպես փոխանցում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Հաղորդվում է, որ ձերբակալվածներից ոմանք ազատ են արձակվել քննչական մեկուսարանում գտնվելու ժամկետը լրանալու հիմնավորմամբ, ոմանք՝ տուգանվել են։
Հանրահավաքների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 133 մարդ, որոնց մեծ մասը վարչական իրավախախտման համար, այսինքն՝ ոստիկանությանը դիմադրելու և մանր խուլիգանություն իրականացնելու համար։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նշում է, որ ազատ արձակված անձինք բերման են ենթարկվել մարտի 7-ին և 8-ին, սակայն հայտնի չի, թե արդյոք ազատ արձակումն անդրադարձել է նաև հինգշաբթի գիշերը բերման ենթարկված քաղաքացիների վրա։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է
Oragir.News-ը, Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանությունը ուժ է կիրառել։ Ավելի վաղ Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, ինչն առաջացրել է ընդդիմության և հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։ Ցուցարարներին աջակցություն էր հայտնել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խոստանալով վետո դնել օրենքի վրա, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից։ Այսօր հայտնի դարձավ, որ իշխանությունները հետ են կանչել վիճահարույց օրինագիծը։