Թուրք քաղաքագետ, Ռուսաստանում Թուրքիայի առևտրային նախկին ներկայացուցիչ Այդըն Սեզերը չի բացառում, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կկարողանա հաղթել՝ քրդամետ Ժողովրուրդների ժողովրդավարություն կուսակցության աջակիցների ձայները ստանալու հնարավորության շնորհիվ։ Այս մասին թուրք փորձագետն ասել է ռուսական «Риа Новости» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ Ժողովրուրդների ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Միթհաթ Սանջարը չէր բացառել, որ կուսակցությունը կհրաժարվի նախագահի թեկնածու առաջադրելուց և կաջակցի ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուին՝ եթե ընդդիմությունը համաձայնության գա նրա թեկնածության շուրջ։ Միևնույն ժամանակ ընտրություններին Ժողովրուրդների ժողովրդավարություն կուսակցության մասնակցությունը հարցականի տակ է՝ կապված կուսակցության նկատմամբ իրականացվող դատական գործընթացի հետ, որի արդյունքներով կուսակցության գործունեությունը կարող է արգելվել։
Սեզերն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Քըլըչդարօղլուն հաղթող է դուրս եկել ընդդիմադիր վեց կուսակցությունների միջև առաջացած ճգնաժամից, և նրա հաղթանակն ազդել է նաև արտաքին լսարանի վրա։ Ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած «Ազգ» դաշինքը պառակտման եզրին էր՝ այն բանից հետո, երբ երկրորդ ամենախոշոր ընդդիմադիր Լավ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հրաժարվում էր աջակցել Քըլըչդարօղլուի թեկնածությանը, սակայն ավելի ուշ նա համաձայնել էր դա անել։ «Բացի այդ, այժմ նրա համար ավելի հեշտ կլինի ստանալ քրդերի ձայները, քանի որ սպասվում է, որ Լավ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներն արդեն չի առարկի Ժողովրուրդների ժողովրդավարություն կուսակցության հետ շփումներին»,- ասել է նա։
Թուրք քաղաքագետը Քըլըչդարօղլուի հաղթանակի շանսերը գնահատում է 51 տոկոս։ Նա հավելել է, որ ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ՝ քաղաքական խմբակայնությունը կուժեղանա, իսկ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետ կապված իրավիճակն ազդել է իշխանությունների իմիջի վրա ազդել է։