Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ջանքերը, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Լավրովը շեշտել է, որ շատ միջազգային գործընկերներ ցանկանում են նպատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Մեր միջազգային գործընկերներից շատերը, այդ թվում՝ նրանք, ովքեր գտնվում են այս տարածաշրջանից հեռու, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման ուղղությամբ առաջընթացին նպաստելու համար։ Մենք, ինչպես բազմիցս ասել է նախագահ Պուտինը, ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք բխում են իրավիճակի կայունացման շահերիցև նպատակ ունեն պայմաններ ստեղծել, որպեսզի բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ համագործակցելու՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիման վրա», - ասել է Լավրովը։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ տարածաշրջանային անվտանգությունը մնում է թեժ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։