Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել, որով ֆինանսական փոխհատուցում է պահանջում
copy image url

Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել, որով ֆինանսական փոխհատուցում է պահանջում

Արտաքին 2 տարի առաջ - 18:38 27-02-2023
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական միջպետական ​​արբիտրաժային գործընթացն նախաձեռնել՝ համաձայն Էներգետիկ խարտիայի համաձայնարի։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Հայաստանին ներկայացված արբիտրաժային ծանուցման մեջ Ադրբեջանը Հայաստանից ֆինանսական փոխհատուցում է պահանջում 1991-ից 2020 թվականների ընթացքում Հայաստանի կողմից այսպես կոչված «ադրբեջանական տարածքների գրեթե 30-ամյա ապօրինի օկուպացիայի ընթացքում էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար»։

Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ «օկուպացիայի ժամանակ Հայաստանը առանց թույլտվության Ադրբեջանի ինքնիշխան տարածքում կառուցել և շահագործել է առնվազն 37 հիդրոէլեկտրակայան, որոնցից ամենամեծ Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն է»։ «Հայաստանը 1994 թվականին Ադրբեջանի ինքնիշխան տարածքների ռազմական օկուպացիայի ժամանակ գրավեց Սարսանգի ջրամբարը և Թարթարի հիդրոէլեկտրակայանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր Հայաստանն ապօրինաբար շահագործել է Թարթարի շրջանում գտնվող Չարդաղլու ածխի հանքավայրը՝ արդյունահանվող ածուխը Երևանի ՋԷԿ-ում օգտագործելու համար։

«Հայաստանը պայմաններ է ստեղծել Ադրբեջանի հիդրոէներգիայի և ածխի պաշարների ապօրինի շահագործման համար՝ Ադրբեջանի տարածքում ստեղծելով լրացուցիչ էներգետիկ ենթակառուցվածք։ Օրինակ՝ Հայաստանը ֆինանսավորել է օկուպացված տարածքների և Հայաստանի միջև ածխի փոխադրման նոր ավտոմայրուղու կառուցումը, որը բնութագրվում է կյանքի ուղիղ ճանապարհ, և նշում, որ այն էական դեր կխաղա Հայաստանի անվտանգության ապահովման գործում»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է Ադրբեջանում գոյություն ունեցող էներգետիկ տարանցիկ կայանքները, ինչպիսին է Եվլախը Նախիջևանի հետ կապող գազատարը, ոչնչացնելու մեջ։ Բաքուն պնդել է, թե «օկուպացիայի հետևանքով դադարեցվել է Նախիջեւան գազամատակարարումը»։


Ամենից շատ դիտված