Շվեյցարիան ուկրաինական ճգնաժամի հարցում այլևս չի կարող հավակնել միջնորդական դերի. Զախարովա
copy image url

Շվեյցարիան ուկրաինական ճգնաժամի հարցում այլևս չի կարող հավակնել միջնորդական դերի. Զախարովա

Արտաքին 2 տարի առաջ - 17:40 25-02-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Շվեյցարիան, միանալով հակառուսական պատժամիջոցներին, ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում չի կարող հավակնել միջնորդական դերի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Շվեյցարիան, որը միացել է Ռուսաստանի դեմ արևմուտքի անօրինական, միակողմանի և հակառուսական պատժամիջոցներին, մեր ընկալմամբ այլևս չեզոք պետություն չէ և ուկրաինական ճգնաժամի կարգավորման համատեքստում չի կարող հավակնել որևէ միջնորդական դերի, այդ թվում՝ իր հարթակը տրամադրելու համար»,- ասել է Զախարովան։

Ռուս պաշտոնյան հիշեցրել է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին (Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժեի՝ Ռուսաստանին միացումից հետո-խմբ) օրինական կերպով արգելել է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ։

Ավելի վաղ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսն անդրադարձել էր Ուկրաինայում տիրող իրավիճակում՝ նշելով Շվեյցարիան պատրաստ է Ժնևում ցանկացած հարմար պահի կազմակերպել կողմերի հանդիպում՝ խաղաղ կարգավորման հարցը քննարկելու համար։ Նրա խոսքով՝ Ժնևում ռուս-ուկրաինական բանակցություններ են ընթանում՝ «ոչ ամենաբարձր մակարդակով»։ Կասիսն այլ մանրամասներ չի հայտնել:

Մարիա Զախարովան բանակցությունների վերաբերյալ հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին այս թեման արդեն մեկնաբանել է՝ նշելով, որ տեղյակ չէ բանակցություններից։








Ամենից շատ դիտված