Հանրային խորհրդատվական մարմին ստեղծելու նախագահի միակ նպատակն ինքն իրեն լեգիտիմացնելն ու մարդկանց լռեցնելն է․ ԱՀ ԱԺ պատգամավոր
copy image url

Հանրային խորհրդատվական մարմին ստեղծելու նախագահի միակ նպատակն ինքն իրեն լեգիտիմացնելն ու մարդկանց լռեցնելն է․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 15:12 20-02-2023
Պետք չէ շատ մեծ գիտելիքներ ունենալ, որպեսզի հասկանալի լինի, որ երբ երկրի նախագահն սկսում է տարատեսակ խորհուրդներ ստեղծել, ապա դա մի բան է փաստում․ դրանով ինքը փորձում է լեգիտիմ դարձնել նախ իր անձը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Նա գիտակցում է, որ լեգիտիմ չէ։ Իրավիճակը փոխվել է ու ինքն այլևս ընդունելի ու ընկալելի չէ ժողովրդի համար։ Այն ժողովրդի, որը ժամանակին իրեն բացարձակ մեծամասնությամբ ընտրել էր որպես երկրի նախագահ։ Էլ չեմ ասում, որ Արայիկ Հարությունյանը 100-ից ավելի խորհրդականներ ու օգնականներ արդեն իսկ ունի»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի, ԱՀ նախագահը չի պատկերացում իր արարքների հետևանքները։ «Երբ երկրի ղեկավարն այդպիսի քայլերի է գնում, նաև իր այդ չհիմնավորված անդադար ազատումներն ու նշանակումներն իրականում քաոսային իրավիճակ է ստեղծել կառավարությունում։ Նաև այսօր օրենսդիրն, ըստ էության, չի կարողանում գործադիրի հետ աշխատանքի եզրեր փնտրել։ Գործադիրում մարդիկ միմյանց հետ նույնպես չեն կարողանում այլևս աշխատել։ Պատճառն ստեղծված քաոսն է»,- ասաց նա։

Երկրում իրավիճակը շարունակում է լարվել նաև նախագահի տարատեսակ հայտարարությունների ու գործողությունների ֆոնին։ «Երբ երկրի ղեկավարը պատեհ ու անպատեհ առիթներով անընդհատ ասում է, որ Արցախում թշնամին ուզում է Ցեղասպանություն իրականացնել, և եթե կարիք կա այդպիսի տարատեսակ խորհուրդներ ստեղծելու, ապա ինքը գլխատում է պետությունն այն առումով, որ Արցախում, ըստ էության, փաստորեն չկա իշխանություն։ Նաև լուրջ վտանգներ է ստեղծում պետականության համար։ Սա, իրականում, հենց պետականության կործանման օրակարգն է։ Եվ անունը դնելով համախմբում, միասնականություն, ինքը պառակտման գործընթաց է իրականացնում»,- ասաց նա։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ սպասել, թե նոր ստեղծվող մարմինը կարող է որևէ փոփոխություն բերել ստեղծված իրավիճակում՝ անիրատեսական է։ «Վստահ եմ, որ չի աշխատելու։ Ինքը տպավորությունն այնպես է ստեղծում, որ այդ մարդիկ կարծեն, թե իրենք ինչ-որ հանրօգուտ բան են անում։ Որովհետև հանրային խորհրդում, որ արդեն իսկ կա, բավականին լուրջ հետագիծ ունեցող մարդիկ կան։ Շատերն արդեն իսկ դուրս են գալիս Հանրային խորհրդից։ Պատճառն այն է, որ իրենց առջև ևս բավականին շատ են արգեքները։ Առ այսօր իրենք նույնիսկ չգիտեն, թե որն է իրենց պարտականություններն ու իրավունքները։

Եթե այսօր ԱԺ-ն է նման խնդրի առջև կանգնած, երբ ԱԺ-ն չի կարողանում կանոնակարգով տրված իր աշխատանքը կատարել, և այդ խոչընդոտներն անձամբ ստեղծում է նախագահը, ապա բնական է, որ այդպիսի մարմինները, որտեղ մարդիկ հանրային սեկտորից են, չի հաջողելու՝ երկրում նման նախագահ ունենալով»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ այդպիսի կառույցներն իրականում կարող էին հանրօգուտ ու արդյունավետ աշխատանք կատարել, եթե ունենային աշխատող, բանիմաց, հստակ ղեկավարություն։ «Բայց, ցավոք սրտի, քանի որ ղեկավարությունը զբաղված է միայն մանիպուլյացիաներով և ինտրիգներով, հետևաբար, այս կառույցը ևս մարդկանց հերթական խմբին լռեցնելու համար է»,- եզրափակեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված