Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակաիրանական հայտարարություններին, որը նա հնչեցրել է Մյունխենի անվտանգության համաժողովում՝ կապված Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Քանաանին Ադրբեջանի նախագահին կոչ է արել խուսափել խնդրի վերաբերյալ ցանկացած նախապաշարմունքից, քաղաքականացումից ու քարոզչությունից։ Նրա խոսքով՝ այս միջադեպի ոչ իրավական մեկնաբանությունները ներկայացնելու համար լրատվամիջոցների հետ խոսելը կառուցողական քայլ չէ, քանի որ գործի հետ կապված հետաքննությունը և դատական գործընթացը շարունակվում են։
«Ինչպես նախկինում ընդգծվել էր Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան իշխանությունների կողմից, գործն ընթանում է իր իրավական ընթացքով, և այն, ինչ հայտարարվել է, հիմնված է հարձակվողի բացահայտ հայտարարությունների վրա, և, բնականաբար, այս ողբերգական դեպքի բոլոր ասպեկտները մանրակրկիտ փորձաքննության են ենթարկվում»,- ասել է նա։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտել է, որ ինչպես ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին ադրբեջանական կողմի հետ շփումներում և հեռախոսազրույցներում, Թեհրանը պատրաստ է հետաքննության արդյունքները տրամադրել ադրբեջանական կողմին։ Նա վստահություն է հայտնել, որ համագործակցության և կառուցողական մոտեցում որդեգրելու մթնոլորտում բոլոր կասկածներն ու հարցերը, որոնք կաող են առաջանալ Ադրբեջանի պաշտոնյաների մոտ, կստանան անհրաժեշտ պատասխաններ։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «
Oragir.News»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում՝ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հերթական անգամ Իրանի իշխանություններից պահանջել էր անհապաղ և թափանցիկ հետաքննություն իրականացնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման առնչությամբ։
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հարձակումն իրականացվել էր հունվարի 27-ին, որն Ադրբեջանը որակում է որպես ահաբեկչություն, մինչդեռ Թեհրանը բացառում է ահաբեկչության վարկածը։