Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող Հիսուս Քրիստոսի աշխարհահռչակ արձանը Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին լուսավորվել է այդ երկրների դրոշներով։ Այս մասին տեղեկացնում է CNN-ի թուրքական ծառայությունը։
Հաղորդվում է, որ արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշներով, ինչպես նաև աջակցություն հայտնող ուղերձներով։ Բրազիլացի պաշտոնյաները հայտարարել են, որ արձանը Թուրքիայի և Սիրիայի դրոշներով լուսավորելու նպատակը 42 հազար մարդկանց հիշատակը հարգելն է, ովքեր ավերիչ երկրաշարժերի հետևանքով մահացել են։
Տարածված լուսանկարներից երևում է, որ արձանը ծածկվել է երկու երկրների դրոշներով, ինչպես նաև «Աղոթիր Թուրքիայի և Սիրիայի համար» գրություններով։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է
Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Մարաշ նահանգում։ Երկրաշարժը մեծ ավերածություններ է առաջացրել Մարաշում, Այնթափում, Ուրֆայում, Տիգրանակերտում, Ադանայում, Ադըյամանում, Օսմանիեում, Ալեքսանդրետում, Քիլիսում և Մալաթիայում։ Վերջին տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը։
Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի տարածքում։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի կառավարության կողմից վերահսկվող շրջաններում մահացել է 1414 մարդ։ Առնվազն 4400 մարդ է մահացել նաև Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում, որը գտնվում է զինված ահաբեկչական խմբերի վերահսկողության տակ։



