Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանն «ի տարբերություն Հայաստանի» աջակցում է խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամկետում բանակցությունների անցկացմանը։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջիզադեն այս մասին ասել է՝ պատասխանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը խոչընդոտել է բանակցային գործընթացին։
Հաջիզադեն շեշտել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հիշատակած առաջարկները Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե մի քանի օր, այլ 15 օր առաջ։ Նրա խոսքով՝ «հայկական կողմը թույլ է տալիս շահարկել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթացը և նպատակ ունի շփոթեցնել միջազգային հանրությանը` ներկայանալով որպես կառուցողական կողմ»։
«Ինչպես գիտեք, հենց հայկական կողմն էր, որ խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվեց բանակցել։ Սակայն այժմ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն նա գործընթացի համար արհեստական խոչընդոտներ է ստեղծում։ Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, հանդես է գալիս խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ անցկացնելու օգտին, և միշտ պատրաստ է դրան»,- ասել է նա։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է
Oragir.News-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել: Միրզոյանն անդրադարձել էր նաև դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը՝ նշելով, որ այդ չէր կայացել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։