1725 թվականի փետրվարի 8-ին Ձմեռային պալատում մահացավ ռուս առաջին կայսրը՝ Պետրոս I-ը։ 53-ամյա տիրակալի մահվան պատճառների շուրջ հյուսվեց լեգենդների մի ամբողջ շարք՝ բարդացած գրիպից մինչև վեներական հիվանդություններ։
«Կայսրը մի քանի օր գոռում էր ցավից, իսկ հետո ուժասպառ հառաչեց», - Պետրոս I-ի կյանքի վերջին օրերի մասին համանման պատմությունները 18-րդ դարում թևածում էին տնից տուն։
Պետրոս I-ի մահվան ամենատարածված վարկածը պատկանում է հուշագիր Յակով Շտելինին։ Ըստ նրա՝ նոյեմբերի 5-ին Լադոգայի ջրանցքով Շլիսելբուրգից Հին Ռուսա վերադառնալու ճանապարհին Պետրոսը Լախտայի մոտ ծանծաղուտում խցանված մի նավ է հայտնաբերել և ստիպված է եղել` զինվորների ու նավաստիների հետ միասին փրկել նավում գտնվող կանանց և երեխաների կյանքը։ Ինքը՝ կայսրը, մի քանի ժամ մինչև գոտկատեղը կանգնած է եղել սառցե ջրի մեջ, ինչի հետևանքով էլ մրսել է։ Դրանից հետո հայտնված հիվանդությանը Պետրոս I-ը ուշադրություն չի դարձրել և շարունակել է զբաղվել պետական գործերով։

Այս լեգենդը ամենաշատն է տարածվել ժամանակակից Ռուսաստանում, քանի որ այն հաստատել ու հիմք է ընդունել նաև պատմաբան Սերգեյ Սոլովյովը։ Ճիշտ է, թերևս, որ այս վարկածը հերքվում է Պետրոս I-ի ճամփորդական օրագրում, ինչպես նաև կամեր-յունկեր Ֆրիդրիխ Բերխհոլցի օրագրային գրառումներում առկա փաստերով: Ըստ կայսեր օրագրի` նա հիշատակվող իրադարձությունից մեկ շաբաթ առաջ է վերադարձել Սանկտ Պետերբուրգ։ Իսկ նոյեմբերին Պետրոս I-ը ներկա էր եղել եկեղեցական արարողություններին, հարսանիքներին և անվանակոչություններին։
Բերխհոլցի նոյեմբերի 2-ի օրագրային գրառումը պատմում է. «Ընթրիքից հետո կայսրը ապահով վերադարձավ Սանկտ Պետերբուրգ, բայց նախօրեին Դուբկիից վերադառնալիս, մոլեգնող ուժեղ փոթորկի ժամանակ նա մեծ վտանգի մեջ էր, և նրա նավերից մեկը կորավ, երկու հոգու հաջողվեց լողալով փրկվել։ Ինքը՝ Պետրոսը, չի տուժել»։

Պետրոսի մահվան երկրորդ՝ պակաս հերոսական վարկածը նկարագրել է Կազիմիր Վալիշևսկին իր «Պետրոս Մեծ» գրքում, նշելով. «1724 թվականի սեպտեմբերի 8-ին վերջապես բացահայտվեց հիվանդության պատճառը. դա մեզի մեջ եղած ավազն էր, որը վատ ապաքինված վեներական հիվանդության հետևանք էր»:
Մեկ այլ պատմաբան` Միխայիլ Պոկրովսկին, այս վարկածից բացառել է երիկամների հիվանդությունը և թողել է միայն սիֆիլիսը. «Պետրոսը մահացել է սիֆիլիսից։ Ամենայն հավանականությամբ, նա հիվանդացել էր Հոլանդիայում և վատ բուժվել»։
Գրող Ֆեոֆան Պրոկոպովիչը պնդում է, որ Պետրոսը մահացել է երիկամների հիվանդությունից, ինչն էլ հանգեցրել էր մեզի խցանմանը։ Ըստ գրողի` կայսը 1724 թվականի փետրվարին գնացել էր հանքային ջրերով բուժվելու։ Դրանից նրա վիճակը ժամանակավորապես բարելավվել է, սակայն կարճ ժամանակ անց կրկին սրացումներ են սկսվել։

«Փետրվարի 8-ի առավոտյան՝ ժամը 6-ին, Նորին Կայսերական Մեծություն Պետրոս Մեծն այս աշխարհից հեռացավ մեզի փորկապությունից»,- անհայտ ինչ-որ մեկն այս գրառումն արել է կայսեր «Ճամփորդական ամսագրում»։
«Ռուսաստանի բժշկության պատմություն» գրքի հեղինակ Վիլհելմ Ռիխտերը նույնպես ենթադրել է, որ Ռուսաստանի առաջին կայսեր մահը պայմանավորված էր «միզապարկի բորբոքումով», ինչպես նաև` «մեզի կուտակման պատճառով այն վերածվել է գանգրենայի»։ 1970 թվականին Մոսկվայի մաշկա-վեներոլոգիական ինստիտուտի բժիշկները եզրակացրել են, որ Պետրոս I-ը տառապել է շագանակագեղձի կամ միզապարկի չարորակ հիվանդությամբ կամ միզաքարային հիվանդությամբ։
Ի դեպ, Պետրոս Մեծի մահից առաջ, փետրվարի 7-ին համաներման են ենթարկվել բոլոր նրանք, որոնք դատապարտված էին մահապատժի կամ տաժանավայր ուղարկվելու, բացառությամբ մարդասպանների ու բազմակի ավազակության համար կալանավորվածների։

Նույն օրը ժամը երկուսին Պետրոս I-ը թուղթ է պահանջել և սկսել է գրել, սակայն փետուրի գրիչն ընկել է ձեռքից, իսկ նրա գրածից կարողացել են վերծանել միայն երկու բառ՝ «Ամեն ինչ տալ...»։ Կայսրը հրամայել է կանչել իր դստերը՝ Աննա Պետրովնային, որը պետք է գրեր իր թելադրածը, սակայն երբ նա եկել է, Պետրոս I-ն արդեն ուշագնաց էր եղել։ Ներկաները ենթադրել են, որ «Ամեն ինչ տալ...» բառերը և Աննային կանչելու հրամանը ուղիղ կապ ունեին դստերը ռուսական գահի իրավունքները հանձնելու ցանկության հետ։
Մինչ այդ, սակայն, Պետրոսն արդեն փոխել էր գահաժառանգության ավանդույթը։ Եթե նախկինում գահը թագավորից անցնում էր ավագ որդուն, ապա 1722 թվականի նրա հրամանագրով կայսրն անձամբ էր նշանակում ժառանգորդին։ Նա կարող էր փոխել իր կարծիքը, եթե իրավահաջորդը չարդարացներ սպասելիքները:
Հենց այդպես` 1718 թվականին իր ավագ որդուն դավաճանության մեջ մեղադրելուց հետո, Պետրոսը մնացել էր առանց գահաժառանգի։
Նրա պոտենցիալ գահաժառանգներն էին կինը՝ Եկատերինան և երկու դուստրերը՝ Աննան և Ելիզավետան։ Պետրոսը առանձնակի սիրով ու հոգատարությամբ էր վերաբերվում իր դուստրերին, սակայն ոչ մի կերպ չէր պատկերացնում նրանց` թագը գլխներին։

Պետրոսը գահը ժառանգել էր կնոջը։ Եկատերինան՝ որպես ռուսական պետության տիրակալի կին, արդեն ուներ կայսրուհու կոչում։ Պետրոս I-ը մահից երկու տարի առաջ` 1723 թվականին համապատասխան մանիֆեստով թագադրել էր կնոջը։ Պալատում կազմակերպվել էր հանդիսավոր ընթրիք։ Մոսկվայի փողոցները զարդարվել էին հաղթական կամարներով, այնպիսի հրավառություն էր տեղի ունեցել, որպիսին Ռուսաստանում մինչ այդ երբեք չէին տեսել։ Այնուհետև թագուհուն հատկացվել էր ամենաթանկ կահույքը, սպասքը և ամեն հնարավորն ու անհրաժեշտը։ Կայսրուհու թագադրման համար նույնիսկ Փարիզից կառք էին բերել։ Կայսրուհու մարգարիտներով ու թանկարժեք քարերով զարդարված ոսկե թագը 1,8 կգ էր կշռում։
Ասում են, թե մահից առաջ Պետրոս Մեծի վերջին հրամանը` «Ամեն ինչ տալ...», ուղղված է եղել հենց Եկատերինա կայսրուհուն։ Միգուցե սա պարզապես լեգենդ է, միգուցե` ոչ։ Սակայն, բայց մի բան հաստատ է. 1925 թվականի փետրվարի 8-ին, Պետրոս I-ի մահվանից հետո Եկատերինա Ալեքսեևնան ծառայողական վերնախավի ու գվարդիական գնդերի աջակցությամբ դարձել է Ռուսական կայսրության առաջին իշխող կայսրուհին՝ ստանալով Եկատերինա I անունը։ Նա, սակայն, երկար չի կառավարել և մահացել 1727 թվականին, ինչից հետո գահին տիրել է Պյոտր Ալեքսեևիչը` Պետրոս Մեծի թոռը առաջին կնոջից։
Նաիրա Եղիազարյան