Բենզինի էժանացման ֆոնին գազով աշխատող տաքսի ծառայության սպասարկման էժանացման պետք չէ սպասել․ տնտեսագետ
copy image url

Բենզինի էժանացման ֆոնին գազով աշխատող տաքսի ծառայության սպասարկման էժանացման պետք չէ սպասել․ տնտեսագետ

Ներքին 2 տարի առաջ - 22:37 06-02-2023
«Բենզինի էժանացման հիմքում երկու առանցքային գործոն կա՝ դոլարի փոխարժեքի նվազումն ու համաշխարհային շուկայում նավթամթերի գների անկումը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

«Գիտեք, որ անցյալ տարվա դեռևս մարտ ամսից դրամը արժևորվել է։ Փաստացի, մենք անընդհատ խոսում էինք այն մասին, որ այդ ֆոնին պարտադիր պետք է նաև ներմուծվող ապրանքների դրամով արտահայտված գները նվազեն։ Սակայն երկար ժամանակ էր, ինչ բենզինի գինը մնում էր անփոփոխ։ Ի վերջո, փաստացի, այդ փոփոխությունն ազդեց նաև բենզինի շուկայի վրա»,- ասաց նա։

Ըստ տնտեսագետի՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմի նախաշեմին նավթամթերքի գները էապես աճել էին, ապա հիմա դրա նվազումն ակնհայտ է։

«Օրինակ՝ այն ժամանակ բենզինի գինը միջազգային շուկայում մոտ 130 դոլարի էր հասել, հիմա էապես իջել է ու 80 դոլարի շրջակայքում է։ Հետևաբար, միջազգային շուկայում բենզինի էժանացումը պետք է իր ազդեցությունն ունենար նաև մեր երկրում»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչու բենզինի գնի նվազման ֆոնին չեն նվազում նաև, օրինակ, տաքսի ծառայությունների կամ այդ ոլորտի հետ կապված մյուս ծառայությունների գները, տնտեսագետը բացատրեց նրանով, որ Հայաստանում տաքսիները հիմնականում վարում են սեղմված բնական գազով։

«Այդ շուկայում բենզին գրեթե չի օգտագործվում։ Բացի դրանից՝ անկանխատեսելիության մակարդակը բավականին բարձր է։ Բենզինի գինն այսօր իջել է, բայց որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ երկարաժամկետ ցածր գին կպահպանվի։ Դրա համար դրա հետ փոխկապակցված ապրանքների կամ ծառայությունների շուկայում գնանկում չի նկատվում։ Բացի դրանից, եթե պետությունը, տեսչական մարմիններն այդտեղ անելիք չունենան, ապա ինքնըստինքյան, որևէ տնտեսվարող կամավոր կերպով չի էժանացնի իր ծառայության կամ ապրանքի գինը»,- ասաց նա։

Բենզինի ցածր գնի պահպանության ժամկետն, ըստ փորձագետի, կախված է միջազգային շուկայում նավթամթերքի գնի փոփոխությունից, արժութային շուկայում դոլարի ու դրամի հարաբերակցությունից։ Այս ամենն, իր խոսքով,կապված է նաև ռուս- ուկրաինական պատերազմի հանգուցալուծումից։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ վերջին ամիսներին միջազգային շուկաներում բենզինի գինը նվազել է, իսկ դրամը դոլարի նկատմամբ՝ անցած տարվա ընթացքում շատ թանկացել։ Մայրաքաղաքի բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինն արժե 360, պրեմիումը՝ 380 դրամ:

Ամենից շատ դիտված