Բերձորի ճանապարհն էլ երբեք չի բացվելու այնպես, ինչպես բաց է եղել նախկինում․ Ալեքսանդր Քանանյան
copy image url

Բերձորի ճանապարհն էլ երբեք չի բացվելու այնպես, ինչպես բաց է եղել նախկինում․ Ալեքսանդր Քանանյան

Ներքին 2 տարի առաջ - 17:04 30-01-2023
Դեռ հունվարի 18-ին ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովը հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները Բերձորի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Վոլկովի մասնակցությամբ և, որ միջանցքի բացումը օրերի հարց է։

Այս հայտարարությունից հետո անցել է 12 օր, սակայն Բերձորի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Այս իրավիճակը հիշեցնում է 44-օրյա պատերազմի օրերը, երբ մի քանի անգամ հայտարարություններ եղան հրադադարի մասին, սակայն Արցախում բնակվողներն այդպես էլ հրադադարի կնքման մասին միայն լսում էին լրատվամիջոցներից, իսկ իրականում, անգամ խաղաղ բնակչության ռմբահարությունները չէին դադարում։

Oragir.News-ի հետ զրույցում «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ըստ Արցախում պտտվող լուրերի՝ Արցախից հանդիպմանը մասնակցել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իրականում, առաջին հայացքից իրավիճակը կարող է նման լինել 44-օրյա պատերազմի օրերին, սակայն այն ինչ Լավրովը կոչում է բանակցություններ, իրականում ամենևին էլ չի կարելի բանակցություն կոչել, դա ուղղակի ռուս խաղաղապահների միջնորդությամբ երկու կողմերի հանդիպում էր, որտեղ ադրբեջանական կողմը հոխորտանքով խոսել էր, առանց ակնկալելու պատասխան։

Դա չափազանց հեռու է բանակցություն կոչվելուց, բանակցության ընթացքում լինում է քննարկում կամ փոխզիջում, բայց այդ հանդիպմանը նման բան տեղի չի ունեցել, Ադրբեջանը ինչ-որ անիմաստ պահանջներ է առաջադրում։ Իսկ այդ հանդիպմամբ Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալու, որ իրենք գնում են բանակցությունների, բայց նման բան իրականում չի եղել, ադրբեջանցիները պարզապես հոխորտանքի լեզվով խոսել ու հեռացել են»։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի համար չկան պայմանավորվածություններ, այն աստիճան չկան, որ Ադրբեջանը չեղարկել է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, որը 3 երկրների ղեկավարները ստորագրել են։ «Այս իրավիճակում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որովհետև, քանի որ մենք չունենք մեր շահը պաշտպանող իշխանություն, և այս պարագայում ամեն ինչ բարդել երրորդ երկրի վրա այնքան էլ ճիշտ չէ։ Թեև, այո, Ռուսաստանը ևս ունի պարտավորություններ և լիարժեք չի կատարում իր պարտավորությունները, բայց այս առումով պետք է ասել, որ շահագրգիռ կողմը Հայաստանի Հանրապետությունն է ու այդ շահագրգիռ կողմը ոչինչ չի անում և որևէ հարթակ չի օգտագործում, որպեսզի բոլոր այն կոչերն ու հայտարարությունները, որ կան միջազգային հանրությունից, գործուն քայլերի վերածվեն։ Այս պարագայում մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ չենք կարողանում այս իշխանությանը պարտադրել հայանպաստ քայլեր կատարել»։

Քաղաքագետ Ալեքանդր Քանանյանն, անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, ասաց, որ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում Արցախի ներկայացուցչի հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի հետ։ «Սա Արցախի մնացորդի իշխանությունների հանձնվողական վարքագծի շարունակությունն է։ Բնականաբար, Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչների հետ ոչնչի վերաբերյալ չի բանակցի, այլ պարզապես նրանք կանչվում են համապատասխան հրահանգներ ստանալու համար և ճնշման, և սպառնալիքների, և մտրակման հերթական մասնաբաժին ստանալու համար։

Բնականաբար, դրանք տեղի են ունենում, բայց դրանք բանակցություններ չեն։ Դրանք Ռուսաստանի լիակատար համաձայնությամբ Արցախի ներկայացուցիչներին ահաբեկելու և նրանց կամքը պարտադրելու և հրահանգավորելու վերաբերյալ հանդիպումներ են։ Դրանցում առհասարակ որևէ հարց չի վճռվում, չի խոսվում»։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ունի հնարավորություն շարունակելու Արցախի մնացորդի շրջափակումը՝ Ռուսաստանի լռելայն և գործուն համաձայնությամբ։ «Այդուհանդերձ, ինչ-որ փուլում արդեջանական կողմը կսկսի 2-3, երբեմն 10 օրով ճանապարհը բացել, սակայն կարևորագույն նրբություն կա, որը էական բնույթ ունի, որը որևէ մեկը չի ընկալում, այն է, որ ճանապարհն էլ երբեք չի բացվելու այնպես, ինչպես այն բաց է եղել նախկինում, երբ Արցախի մնացորդ մտնող հայերն անցնում էին միայն ռուսական կայազորի ստուգումները։

Անգամ, եթե Ադրբեջանն օրեր անց բացի, իսկ բացելու է վստահաբար, այդ ճանապարհից ադրբեջանցի զինծառայողները կամ ստուգողները ինչ համազգեստ էլ կրեն, ինչ էլ ներկայանան, նրանք այդ ճանապարհից չեն հեռանալու, և եթե անգամ ֆիզիկապես հնարավոր լինի Գորիսից հասնել Ստեփանակերտ ու Ստեփանակերտից գալ Գորիս, միևնույն է, բոլոր տեղաշարժերը՝ թե՛ մարդկանց, թե՛ բեռների, գտնվելու են Ադրբեջանի հսկողության ներքո։

Բնականաբար, Ադրբեջանը ցանկացած ապրանք, որը կդիտարկի վտանգավոր կամ անցանկալի իր համար՝ չի թույլատրի մտցնել Արցախ։ Միաժամանակ, այն ապրանքները, որը նա կհամարի, որ հայերն իրավունք չունեն արտահանել Արցախից, օրինակ՝ հանքանյութը, արտասահմանյան տարադրամները կամ հայկական կողմից շահագործվող հանքերից թանկարժեք սարքավորումներ, որոնք Ադրբեջանը կարևոր կհամարի և կհամարի, որ դրանց տարհանումը Ադրբեջանից թույլ չեն տալու, այսինքն՝ ճանապարհը, եթե անգամ բացի՝ լինելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո»։

Անդրադառանալով Լավրովի հայտարարությանը՝ Քանանյանն ասաց, որ Ռուսաստանը և Լավրովը վաղուց անլուրջ են ընկալվում։ «Լավրովն այն անձն է, որի խոսքը որևէ արժեք և որևէ կշիռ չունի, հետևաբար, Լավրովի խոսքին ապավինողն անլուրջ պատրանքների է տրվում»։

Ամենից շատ դիտված