ՊՆ-ն տեղական ընկերություններին անհեթեթ պահանջներ է ներկայացնում. Չալաբյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:30 23-01-2023
Ծայրահեղ բյուրոկրատվացած են պրոցեսները։ Ցանկացած գնում, որ իրականացվում է, իրականացվում է շատ երկար՝ անիմաստ ու անհեթեթ ֆորմալ տարատեսակ պահանջներ ներկայացնելով։ Այս մասին «Համախմբում» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով պաշտպանության ոլորտում բյուջեն թերակատարելուն։

«Կոնկրետ օրինակ ասեմ։ Ենթադրենք, տեղական ընկերություններից գնում են բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, պահանջում են, որ այդ ընկերությունների տնօրեններն իրենց անձնական գույքը գրավադրեն՝ որպես պայմանագրերի կատարման պայման, որն աբսուրդ է։ Մարդիկ գնում, ասում են, որ դուք Ռուսաստանից սպառազինություն եք առնում, պահանջում եք, որ գույք գրավադրե՞ն, գնում խնդրում եք, որ սպառազինությունը վաճառեն, իսկ մեզ պահանջում եք, որ գույք գրավադրենք։ Ու այդպիսի բազմաթիվ անհեթեթ սահմանափակումներ կան»,- ասաց Չալաբյանը։

Չալաբյանը նշեց, որ ՊՆ-ն ու բանակն իրար հետ շատ աղոտ կապ ունեն․ «Բանակին պետք է շինարարական տեխնիկա, որպեսզի նոր ճանապարհներ սարքեն, դիրքեր փորեն, բունկերներ սարքեն և այլն։ էդ ամեն ինչը չկա։ Դու գնում ես մարդկանց հետ խոսում ես, իրենք ասում են՝ կարող ա՞ կարողանաք մեզ մի հատ «Կամացու»-ով օգնել։ Ու դու զարմանում ես, մտածում ես ամբողջ բանակն իր սեփական «Կամացու»-ն չունի՞։ Մեր երկրի պետական բյուջեի ամենամեծ հատվածը տրամադրվում է պաշտպանությանը։ Անցայալ տարի առանձնապես սպառազինություն էլ չեն առել, համակարգում աշխատավարձերը ցածր են, բա ո՞ւր եք ծախսում էդ փողը»,- ասաց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված