Հունվարի 20-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Փոքր Վեդի գյուղի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 37 կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենասյուներին և կողաշրջվել հարակից խաղողի այգին․ վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: