Ալիևը պնդել է, որ Հայաստանը «մանիպուլացնում է» Բերձորի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունները
copy image url

Ալիևը պնդել է, որ Հայաստանը «մանիպուլացնում է» Բերձորի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունները

Արտաքին 2 տարի առաջ - 16:43 18-01-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է Բերձորի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունները մանիպուլացնելու մեջ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, այս մասին Ալիևն ասել է Դավոսում՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի, ինչպես նաև Բերձորի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը «շահարկում է Լաչինի ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար»։ Նրա խոսքով՝ հայկական կողմը «կեղծ տեղեկությունների հիման վրա» պնդում է, թե իբր ճանապարհը փակ է։ Վերջինս պնդել է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և քաղաքացիական ապրանքների փոխանդրման համար, բացի այդ ապահովված է նաև միջանցքով մարդասիրական ապրանքների ազատ տեղաշարժը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։

Ադրբեջանի ղեկավարը կարևորել է, որ Արցախի տարածքում, որտեղ ներկայումս տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, դադարեցվի «Ադրբեջանի բնական ռեսուրսների անօրինական շահագործումը, ինչպես նաև այդ տարածքից դուրս բերվեն հանցավոր տարրեր»։ «Հայկական կողմն ավելի քան երկու տարի օգտագործում է Լաչինի ճանապարհը՝ ականներ, զինամթերք և անձնակազմ տեղափոխելու համար»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Լիտվայի նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ։ Կողմերն ընդգծել են Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափի կարևորությունը, որը ստեղծվել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի խթանման նպատակով։

Բացի այդ կողմերն ընդգծել են Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։ Այս համատեքստում նշվել է նախորդ տարի դեկտեմբերին Բուխարեստում ստորագրված «կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման մասին» Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև համաձայնագրի կարևորությունը։