«Մենք պետք է ճիշտ գնահատենք, թե հակառակորդը ինչ խնդիր է լուծում, ընդ որում՝ ինքը այս օպերացիայով 5-6 խնդիր է լուծում»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակմամբ ադրբեջանական կողմի առաջ քաշած խնդիրների լուծումից։
Խոսելով խնդիրներից՝ ռազմական փորձագետը նշեց, որ այս քայլով վարկաբեկում է ռուս խաղաղապահներին. «Ռուս խաղաղապահներն են վարկաբեկվում, արժեզրկվում, որովհետև ասվում է, որ չեն կարողանում բացել, ընդ որում՝ առաջին անգամ փակելուց հետո և՛ Հայաստանից, և՛ Արցախից բավականին բարձրաձայն տարբեր լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ ասում էին, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում իրավիճակը վերահսկել, պետք է դուրս գան, պետք է ՆԱՏՕ-ից գան, սա առաջին իսկ օրվանից է եղել, այսինքն՝ այդտեղից կարելի է ենթադրել տեսականորեն, որ կա որոշակիորեն տեղեկատվական ընդհանուր հոսքերը մի տեղից կառավարող օպերացիա»։
Հաջորդ խնդիրը, որ ռազմական փորձագետն առանձնացրեց, վերաբերում էր Կաշենի, Դրմբոնի հանքավայրին. «Ոսկու հանքավայրի հետ կապված տեղեկություն տարածվեց առ այն, որ այս տարվա հունիս ամսին Ադրբեջանը Կաշենի, Դրմբոնի հանքավայրը վաճառել է մեծբրիտանական մի կորպորացիայի, որը զբաղվում է հանքարդյունաբերութամբ, հիմա, եթե դա իրականություն է, իսկ ամենային հավանականությամբ իրականություն է, ապա այդ ձեռնարկությունը բնականաբար կարող է դիտել Լոնդոնի արբիտրաժային դատարանը, որ ադրբեջանական կողմը իր պարտականությունները չի կատարում, ինքը արդեն որոշակի գումարներ տվել է և դատական հայցով շատ ավելին պահանջել, և ադրբեջանցիները, ինչպես ասում են, Ալիևը փակուղու մեջ է և փորձում է այդպես կոշտ քայլերով այդ տարածքներին վերատիրել»,-ասաց Նահապետյանը։
Նահապետյանն ընդգծեց, որ ճանապարհի փակվելով՝ մարդիկ հոգեբանական ճնշումների են ենթարկվում. «Փակ ճանապարհը հեգեբանական լուրջ ազդեցություն է ունենում Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա, որոնք այս պահին շրջափակման մեջ են, ադրբեջանցիները հաշվարկում են, որ եթե հետո բացեն այդ ճանապարհը, Արցախից մեծ հոսքով արտագաղթողներ կլինեն»։
Խոսելով նշված իրավիճակում իշխանական թևի արտաբերած մտքերից՝ Նահապետյանը ընդգծեց. «Ամենակարևորը՝ իշխանությունները ունեն մտքի գիգանտներ, որոնց խոսքերից և գնահատականներից, ինչպես ասում են, պատեր են ծակում, մի քանի օր առաջ դրանցից մեկը՝ նախկինում զինվորական գեներալի ուսադիրներով՝ Գագիկ Մելքոնյանը իր տված հարցազրույցում ոչ ավել, ոչ պակաս, իսկ ինքը իշխանության թիմի ներկայացուցիչ է, ասում է, որ այդ օպերացիան Ռուսաստանը Ադրբեջանի հետ է անում, որ Հայաստանին ստիպեն մտնել Միութենական կազմի մեջ։ Հիմա եթե Ռուսաստանը փորձի, ըստ իշխող թիմի ներկայացուցիչների, ճնշում գործադրել, շատ ավելի դյուրին ճնշում էլ կա։ Ռուսաստանը Հայաստանում ամենամեծ ներդնողն է, մեր ապրանքների արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է, գազի, հոսանքի հետ կապված, բայց Ռուսաստանը ի՞նչ խնդիր ունի դաշնակցին ծնկի բերելու»։
Նահապետյանը անդրադարձավ ԱԺ նախագահի՝ օրեր առաջ հնչեցրած մտքին, ասաց. «Հաջորդ մտքի գիգանտը ԱԺ նախագահի պարտականությունը կատարող անձն է, որը մի միտք արտաբերեց ԱԺ-ում այս դեպքերի հետ կապված՝ ասելով, որ ռուս խաղաղապահները լավն են, իրենք իրենց գործառույթները թող անեն, ճիշտ է, իրենց մանդատը հաստատված չէ, բայց միջազգային այլ երաշխիքներ են պետք՝ խաղաղապահների հետ զուգահեռելով։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները կա՛մ իրենց անզորությունից ձեռքերը փրփուրներին են գցում, կա՛մ կոնկրետ հանձնարարություն կատարելում, ընդ որում՝ արևմտյան հատուկ ծառայությունների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի Արտաքին ռազմական հետախուզության, որի պետի հետ այս դեպքերի հետ կապված օրեր առաջ հանդիպեց ԱԽՔ-ի պարտականություններ կատարող անձը։ Ալեն Սիմոնյանն ի՞նչ է ասում․ Հայաստան հրավիրում է ՆԱՏՕ-ի խաղաղապահներին, Երկիր մոլորակի վրա, երկու ռազմաքաղաքական դաշինք կա, որոնք ունեն խաղաղապահ ստորաբաժանումներ․ մեկը ՆԱՏՕ-ն է, մյուսը՝ ՀԱՊԿ-ն, հիմա Հայաստանի իշխանությունները ՆԱՏՕ-ին հրավիրում են մի շրջան, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է»։
Խոսելով նշված իրավիճակից լուծում գտնելու ելքերին՝ ռազմական փորձագետն ասաց. «Լուծման բանալին Արցախում է, Ստեփանակերտում է և այնտեղի իշխանությունների ձեռքում է, այսօր գործողություն անող սյուբեկտը Արցախն է իր իշխանություններով՝ անկախ նրանից՝ որքանով ենք մենք քննադատաբար վերաբերվում իշխանությունների քայլերին, բայց գործնականում իրենց ձեռքում է գտնվում բանալին, իսկ այդ բանալին կարող է աշխատել, եթե առարկայապես լինի ուժերի մեկտեղում՝ Արցախը իր ռեսուրսներով, իր պետական ինստիտուտներով, իր իշխանությամբ, որը կա, Հայաստանի քաղաքացիները, ՌԴ-ում ապրող այն արցախցիները, ովքեր բավականին մեծ ռեսուրսների են տիրապետում, և արտերկրում ապրող մեր հայրենակիցները, այսինքն՝ սա ձեռնոց է՝ նետված ոչ միայն Արցախում ապրող մեր հայրենակիցներին, այլև համայն հայությանը»,- ասաց Նահապետյանը։