Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքան գործադրում է բոլոր ջանքերը թյուրքալեզու պետությունների՝ այդ թվում նաև Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ իր համագործակցությունը զարգացնելու համար։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Անկարայի օդանավակայանում՝ Թուրքմենստան ուղևորվելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։
Էրդողանը հայտնել է, որ նախատեսում է Թուրքմենստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել տարածաշրջանային և միջազգային գործընթացները։ Նրա խոսքով՝ Բաքվի և Աշխաբադի հետ երկխոսության առաջնահերթ ուղղություններից մեկը էներգետիկ ոլորտն է։ «Հուսով եմ, որ թուրքմենական գազը շուտով Կասպից ծովով կսկսի հոսել Թուրքիա»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ Թուրքմենստանում կայանալիք եռակողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված են նաև տրանսպորտի և առևտրի թեմաները։
«Մենք նախատեսում ենք ստորագրել տարբեր փաստաթղթեր, որոնք ուղղված են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև միջպետական համագործակցության իրավական դաշտի ամրապնդմանը։ Մեր հիմնական նպատակն է նպաստել ոչ միայն երեք երկրների, այլև ողջ տարածաշրջանի բարգավաճմանն ու անվտանգությանը։ Մենք կամրապնդենք համագործակցությունը և կանենք ամեն ինչ, որպեսզի ընթացիկ դարը դառնա «թուրքերի դարաշրջանը»,- ասել է նա։
Պատասխանելով Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից ցամաքային հակաահաբեկչական գործողություն իրականացնելու ժամկետների մասին հարցին՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ նման քայլերի ժամկետները չեն բացահայտվում, բայց նպատակները հայտնի են։