Ադրբեջանում վրդովված են Կիևի դատարանի որոշումից և ուկրաինական լրատվամիջոցների արձագանքից

Արտաքին 2 տարի առաջ - 22:27 09-12-2022
Ուկրաինայի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի, Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի մասնակից Միսիր Գասիմլիին և նրա ընկեր Սուբխան Գուլիևին։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջիններս մեղավոր են ճանաչվել առևանգման, խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Հաղորդվում է, որ ադրբեջանցիները ձերբակալվել են դեռևս 2021 թվականի հունիսին՝ Կիևում։ Դատավարությունը տևել է ավելի քան մեկուկես տարի։

2021 թվականի հունիսի 8-ին հանցակիցները խնջույք են կազմակերպել Կիևի ռեստորաններից մեկում։ Այնտեղ նրանք հանդիպել են Իսպանիայի մի քաղաքացու, որի հետ զրույցում պարզվել է, որ վերջինիս մայրը հայ է։

Այնուհետև երկու ադրբեջանցիները առևանգել, թալանել և դաժան ծեծի են ենթարկել հայկական արմատներ ունեցող Իսպանիայի քաղաքացուն։ Միևնույն ժամանակ տուժող քաղաքացու անունը չի նշվում։

Դատավարության ընթացքում ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները ստահոդ տեղեկություններ են տարածել, թե իբր տուժողը իրենցից մեկին առաջարկել է իրենից թմրանյութ գնել, սակայն նա «ազնվորեն» հրաժարվել է և հային վռնդել է մեքենայից, իսկ վերջինս իբր վրեժխնդիր լինելու համար ասել է, որ իրեն ծեծել են, թալանել։

Դատելով ադրբեջանցի այսպես կոչված հերոսների հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, որ հավանաբար տուժողը ինքն է իրեն ծեծել՝ ադրբեջանցիներին մեղադրելու համար։

Հատկանշական է նաև, որ Ադրբեջանի իշխանություններն այս երկու «հերոսների» պարագայում կփորձեն նույն հնարքը կատարել, ինչն արեցին տարիներ առաջ քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի պարագայում։ Համենայնդեպս, Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովան այս մասին ակնարկել է. «Այս պատմության վերջը լավ կլինի, դեսպանատունը դեռ կանի այն ամենը, ինչ պահանջվում է»։

Ուշագրավ է նաև, թե ինչպես կվարվեն Ուկրաինայի իշխանությունները․ կգտնվե՞ն այնքան կոռումպացված որքան Հունգարիայի իշխանությունները, թե՞՝ ոչ։


Հիշեցնենք, որ 2012 թվականին մարդասպան Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայից Ադրբեջան իրականացվեց 7 միլիոն դոլարի դիմաց, և դա հանգեցրեց Հայաստանի ու Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը։ Սակայն ինչպես պարզ է դառնում Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններից, վերջիններս մտադիր են վերականգնել Երևանի և Բուդապեշտի դիվանագիտական հարաբերությունները։

Ադրբեջանական թելեգրամ ալիքները վրդովված են ուկրաինական ալիքներից մեկի հրապարակած մեկնաբանությունից, որն ավելի ուշ խմբագրվել է։ Ադրբեջանցի «հերոսների» տեսանյութը վերնագրվել էր հետևյալ կերպ՝ «Լեռնային կապիկները ջարդ են կազմակերպել Կիևի դատարանում»։

Այս տեսանյութում երևում է, թե ինչպիսի վարքագիծ են դրսևորում այսպես կոչված անմեղ ադրբեջանցիները դատավճռի հրապարակումից հետո։ Այս տեսարանը հիշեցնում է ավելի շատ կենդանաբանական այգի, քան դատարանի դահլիճ։

Ամենից շատ դիտված