Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել Ներքին գործերի նախարարություն. ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։ ՆԳՆ-ն ստեղծվելու է Արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության բազայի վրա:
Ըստ նրա՝ այդ նախարարության ստեղծումը թույլ կտա ոստիկանության նկատմամբ ապահովել թե խորհրդարանական, թե հասարակական վերահսկողություն։ ՆԳՆ կազմում կընդգրկվեն երեք հիմնական ծառայություններ՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ «Նախարարությունը կկենտրոնանա 5 հիմնական ուղղությունների վրա՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխարգելում և բացահայտում, տարերային աղետների ռիսկերի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում, ինչպես նաև տարբեր տեսակի հումանիտար հարցեր»,- նշեց Սարգսյանը։
Ծառայությունների ղեկավարներին և տեղակալներին նախատեսվում է, որ կնշանակի Հանրապետության վարչապետը։ Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը կդադարեցվի։ Ընդ որում, նախատեսվում է անցումային շրջան մինչև չորս ամիս ժամկետով։ Այս 4 ամսում կառավարության կազմում նախարարությունները կլինեն 13-ը, իսկ հետո, երբ ՆԳՆ-ն կկարողանա կատարել ԱԻՆ-ի ֆունկցիաները, «իշխանությունները կվերադառնան 12 նախարարների սկզբունքին»։
Միավորվելու են նաև երկու ուժային ակադեմիաները՝ Ճգնաժամային կառավարման ակադեմիան և Ոստիկանության ակադեմիան: Այդ երկուսն էլ կգործեն ՆԳՆ-ի ներքո:
Ըստ կարգավորումների՝ ոստիկանապետը կզբաղեցնի ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև կդառնա Հայաստանի անվտանգության խորհրդի անդամ։