Չավուշօղլուի համոզմամբ` դիվանագիտությունը Ուկրաինայում կարող է մոտեցնել կարգավորումը
copy image url

Չավուշօղլուի համոզմամբ` դիվանագիտությունը Ուկրաինայում կարող է մոտեցնել կարգավորումը

Արտաքին 2 տարի առաջ - 13:31 02-12-2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար հայտարարել է, որ պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը հարգելու սկզբունքները ընկած են ՄԱԿ-ի գործունեության հիմքում և հանդիսանում են ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքներից մեկը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Լեհաստանում ընթացող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ այս տարի ԵԱՀԿ դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված արտառոց հանգամանքների պայմաններում։

«Եթե դիվանագիտությանը հնարավորություն տրվի, ապա հնարավոր կլինի իրավիճակը կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս կենսական հարթակը խարխլելը օգուտ չի բերի կողմերից ոչ մեկին։ Թուրքիան կշարունակի ակտիվորեն աջակցել ԵԱՀԿ-ի աշխատանքին, քանի որ մենք նմանատիպ այլ համապարփակ հարթակ չունենք»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ 2021 թվականին Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ հանդիպման ժամանակ կարևորվել է կազմակերպության մասնակից պետությունների միջև անվստահությունը վերացնելու անհրաժեշտությունը։ Նա այս համատեքստում կարևորել է Լեհաստանի կողմից գործադրված ջանքերը։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ վստահությունը կարող է կառուցվել միայն սկզբունքային քաղաքականության վրա։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել` արտակարգ իրավիճակները մեղմելու համար։ Նա այս համատեքստում կարևորել է հատկապես Ստամբուլի հացահատիկային միջանցքի, ինչպես նաև գերիների փոխանակման հարցում Անկարայի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված համաձայնությունը։