Մարդասպաններն են զոհերին հալածում ու դատի տալիս, ծուռ հայելիների երկրում ենք ապրում․ Նաիրա Մելիքյան
copy image url

Մարդասպաններն են զոհերին հալածում ու դատի տալիս, ծուռ հայելիների երկրում ենք ապրում․ Նաիրա Մելիքյան

Ներքին 2 տարի առաջ - 20:08 24-11-2022
«Անբարոյականության, այլասերման գագաթնակետն է, ըստ էության, մարդասպանները զոհերի են հալածում ու դատի են տալիս, այն պարագայում, երբ մենք գիտենք՝ ով է գլխավոր մեղավորը, և ինչ այլանդակություններ են թույլ տվել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը՝ անդրադառնալով ոստիկանության կողմից 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին դատի տալուն։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարանը՝ ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանին, Գևորգ Մնջոյանին, Աշոտ Ասլիկյանին, Աննա Մկրտչյանին, Արմեն Գալստյանին, Արամ Ավանեսյանին, Մեսրոպ Եղիազարյանին, Վիգեն Ազատյանին, Երվանդ Տաշչյանին, Իգոր Սարգսյանին, Վահիդ Սահակյանին, Անի Կարապետյանին, Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Անտոնյանին, Վարդան Ղազարյանին ենթարկի ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության:

Մելիքյանը նշեց, որ ոստիկանության գործելաոճն իրեն այլևս չի զարմացնում։

«Մենք ապրում ենք ծուռ հայելիների երկրում, այստեղ ամեն ինչ թարս է։ Չէի ասի, որ ակնկալում էի նման շրջադարձ, բայց այնպես չէ, որ այս այլասերվածների ձեռագրից այս արարքը տարբերվում է, իրենց մշտական գործելաոճն է, իրենք ոչ մի բարոյական նորմ չունեն, բայց ես վստահ եմ, որ այս իշխանությունները պատասխան տալու են։ Այս իշխանությունները, ինչպես ցանկացած այլ իշխանություն, հավերժ չէ, նրանք էլ են մի օր փոխվելու, և յուրաքանչյուրը, սկսած լրատվական դաշտի «պետրոսղազարյաններից», վերջացրած ԱԺ-ում բազմած օլիգարխները, ոստիկանները, մյուս բոլոր այլասերվածներն, ովքեր մասնակից են այս իշխանությանը, պատասխան են տալու։ Ես դրան հավատում եմ և ծնողներին կոչ եմ անում պայքարել մինչև վերջ»։

Նա հիշեցրեց, որ այդ օրվա դեպքերով հարուցված է քրեական գործ․ «Բայց մինչ օրս ծնողներին քաշքշում են ու առայժմ միայն ծնողներին են հարցաքննում։ Այս գործն էլ ձգձգում են, ինչպես և ցանկացած այլ քրեական գործ, որ կապված է պատերազմի զոհերի հետ։ Մինչև բոլորը, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչները չհարցաքննվեն, գործը չի կարող ուղարկվել դատարան։ Այս ձգձգումները վերաբերում են ոչ միայն այդ գործին, այլև զոհերի հետ կապված բոլոր գործերին։ Ես ինքս ներգրավված եմ Ցորի զորամասի քրեական գործով, չնայած արդեն 2-րդ տարի է գործը դատարանում է, բայց դրանով էլ որևէ առաջընթաց չունենք։ Սա հատուկ են անում, որ մարդկանց հիասթափեցնեն, շատերը կան, որ անգամ նրանց առողջությունը չի ներում, մյուսները մտածում են, որ այլևս ոչ մի արդարադատության էլ չեն կարող հասնել ու հիասթափվում ու դուրս են գալիս պայքարից, բայց մենք շարունակելու ենք պայքարել ամեն օր»։

Ամենից շատ դիտված