Ալիևն ընդունել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցչին
copy image url

Ալիևն ընդունել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցչին

Արտաքին 2 տարի առաջ - 17:25 24-11-2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցերով Ռուսաստանի Դաշնության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացին վերաբերող հարցեր։

Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են նաև «Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների չկատարմանը»։

Բացի այդ Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչը մանրամասն մտքեր են փոխանակել հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մսնակցությամբ կայացած վերջին հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նկատենք, որ Հայաստանն անվերապահորեն կատարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ իր ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ Ադրբեջանը մինչև այժմ հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի