Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։
Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից հիմնադրված կուսակցությունն իր հիմնադրման առաջին օրվանից դարձել է Ադրբեջանի առաջատար կուսակցությունը և այսօր Իլհամ Ալիևի ղեկավարությամբ շարունակում է բոլոր ոլորտներում հաջողությունների հասնել։
Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ Ադրբեջանն այսպես կոչված իր տարածքներն օկուպացիայից ազատագրելուց հետո ողջ թուրքական աշխարհի համար ոգեշնչման աղբյուր է դարձել։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը, որը հիմնված է բացառիկ կապերի և այսպես կոչված Շուշիի հռչակագրի շնորհիվ հասել է ամենաբարձր մակարդակին, կշարունակվի նաև ապագայում։
Էրդողանը համոզմունք է հայտնել, որ «Նոր Ադրբեջան» կուսակցությունը առաջիկա շրջանում նույնպես հաջողությամբ կշարունակի իր գործունեությունը՝ հանուն Ադրբեջանի բարօրության, և ողջ աշխարհում երկրի դիրքերի ամրապնդման։