ՔՕ-ում բուժաշխատողի նկատմամբ բռնության հոդվածը հանվել է. ինչպե՞ս կպատժեն մանկական հիվանդանոցի վրա հարձակում գործած երիտասարդին
copy image url

ՔՕ-ում բուժաշխատողի նկատմամբ բռնության հոդվածը հանվել է. ինչպե՞ս կպատժեն մանկական հիվանդանոցի վրա հարձակում գործած երիտասարդին

Ներքին 2 տարի առաջ - 14:00 18-11-2022
Ինչպես հայտնի է, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժշկուհուն և անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է 35-ամյա տղամարդ: Դեպքից անմիջապես հետո MGM PARTNERS իրավաբանական ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով բուժաշխատողի նկատմամբ բռնության դեպքը, ինչպես նաեւ պատրաստակամություն էր հայտնել ստանձնելու բժշկի իրավական պաշտպանությունը նախաձեռնվող քրեական վարույթի շրջանակներում:

MGM PARTNERS իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Գագիկ Խաչիկյանը Oragir.news-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերության փաստաբանն արդեն ներգրավվել է քրեական վարույթով, հանդիսանում է բռնության ենթարկված բժշկուհու ներկայացուցիչը:

«Երեկ կատարվել է քննչական գործողություն, ինչպես նաեւ բժշկուհին առերեսվել է առերեւույթ հանցագործություն կատարող անձի հետ: Ինչպես արդեն նշել ենք՝ մենք հետևողական ենք լինելու, որպեսզի բժշկի իրավունքները լիարժեք պաշտպանվեն»,- նշեց Գագիկ Խաչիկյանը՝ հավելելով, որ դեռ տեղեկություն չունեն՝ արդյոք քննչական մարմինը կդիմի դատարան 35-ամյա երիտասարդին կալանավորելու միջնորդությամբ, թե ոչ:

Խաչիկյանը նշեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ դեպքից այլ մանրամասներ չի կարող հայտնել: Քանի որ ընկերությունը մասնագիտացած է նաեւ բժշկական իրավունքի ոլորտում, դասընթացներ է կազմակերպում, բժիշկների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում, Գագիկ Խաչիկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք օրենսդրորեն եւ պրակտիկ դաշտում առկա մեխանիզմները բավարա՞ր են մասնագիտական գործունեություն իրականացնող բժշկին ոտնձգություններից պաշտպանելու համար:

«Խնդիրը ոչ այնքան մեխանիզմների բավարար-ոչ բավարար լինելն է, այլ իրավակիրառ գործառույթի մեջ է: Եթե բուժաշխատողի նկատմամբ ոտնձգությունները պատժվեն և դրանք հանրային հնչեղություն ստանան, կարծում եմ՝ ավելի պրոֆիլակտիկ դեր կխաղա, այս առումով կարեւոր է հանրային հնչեղություն տալը ոչ միայն դեպքից անմիջապես հետո, այլեւ քննության ողջ ընթացքում:

Ցավոք, մեզ մոտ սովորաբար հանրային հնչեղություն միայն սկզբում է լինում, հետո մարում է ալիքը, մինչդեռ հետեւողական անդրադարձը եւ հանրային պարսավանքը եւս պրոֆիլակտիկ նշանակություն ունի»:

Ի դեպ, եթե մինչեւ հուլիսի 1-ը գործող Քրեական օրենսգրքում եղել է համապատասխան հոդված՝ բուժաշխատողների նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ, որն ինչ որ առումով զսպելու նպատակ ուներ, իսկ ահա նոր օրենսգրքում այդ հոդվածը հանվել է:

Գագիկ Խաչիկյանից հետաքրքրվեցինք, թե այս փոփոխությունը ինչ հետեւանքներ կարող է ունենալ, առհասարակ ինչու է հանվել համապատասխան հոդվածը, երբ բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը ոչ միայն չեն նվազում, այլեւ աճում են:

«Խնդիրը իրավունքի փիլիսոփայության մեջ է, իսկ իրավունքը զարգանում է այն ուղղությամբ, որ անձի խտրականություն չպետք է լինի եւ անձանց նկատմամբ ոտնձգությունները պետք է պատժվեն հավասար չափով, իրավունքը կամաց-կամաց դուրս է գալիս մասնագիտություններն առանձնացնելու սահմաններից:

Այս առումով որեւէ խնդիր չկա, անձի նկատմամբ բռնությունը պետք է պատժվի, իսկ պատժի նվազագույն և առավելագույն սահմանները հնարավորություն են տալիս բժշկի եւ նման մասնագիտություններ կրող անձանց նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատժել»,- ասաց փաստաբանը:

Ամեն դեպքում, բժշկի նկատմամբ բռնության դեպքերը հաճախ պատշաճ քրեաիրավական գնահատականի չեն արժանանում, քանի որ պարզվում է, օրինակ, մի ապտակը կամ քաշքշելը որեւէ հոդվածի դիսպոզիցիային չի համապատասխանում, կամ գույքին հասցված վնասը մեծ չէ, կամ ալկոհոլի ազդեցությամբ ներխուժելը եւ մի քանիսին ծեծելը բավարար չէ, որպեսզի մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանքը:

Փաստաբանն այստեղ այլ խնդիր էլ է տեսնում:

«Հավատացեք, որ ներկա կարգավորումներով նույնպես լիարժեք հնարավոր է բոլոր տեսակի արարքները, որոնք իրենց մեջ բռնության տարր են պարունակում, քրեաիրավական առումով պատժել:

Այստեղ նաեւ կարեւոր է տուժողի կողմից հաստատակամությունը եւ համառությունը մինչեւ վերջ գնալու, մասնավոր մեղադրանքի գործերով պետք է լինի տուժողի կամքը, որպեսզի քրեական գործն իր ավարտը ստանա:

Հանրության մեջ պետք է ձեւավորվի կարծրատիպ, որ չի կարելի ներել մարդուն, ով մեկ անգամ բռնություն է կիրառել, նա պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվի»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ժամը 20:45-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում Երևանի 35-ամյա բնակիչը անհիմն վիճաբանել է նույն հիվանդանոցի բժշկուհու հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է նրա դեմքին:

Բացի այդ, հաջորդ օրը ժամը 00:35-ի սահմաններում 35-ամյա տղամարդը, նշված հիվանդանոցի դիմաց իր ընկերների հետ վիճաբանել է նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Երևանի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված