Երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյան,
անդրադարձել էր մամուլում, սոցհարթակներում շրջանառվող այն տեղեկություններին, թե Սեյրան Օհանյանին պատրաստվում են ձերբակալել և գրել էր.
«ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ ուժեր, համագործակցելով Ազգային ժողովում էրդողանի համակիր ներկայացուցիչների հետ, միանշանակ քաղաքական սցենարով գրված թատրոն են փորձելու բեմադրել: ՀԳ Կարծում եմ, փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին»:
Այսօր
Oragir.News-ը կապվեց Ռուզան Խաչատրյանի հետ, որպեսզի հասկանա, թե ինչ կապ է տեսնում իր ամուսնու՝ Սեյրան Օհանյանի, ձերբակալության և ՀԱՊԿ նիստի, ՌԴ նախագահ Պուտինի այցի մեջ։
«Ես չեմ պատրաստվում ձեր հարցերին պատասխանել, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, ես մամուլի ասուլիս կանեմ, դուք էլ կգաք և իմ կարծիքները, և պատասխանները կլսեք»,- ասաց Խաչատրյանը հավելելով՝ «չեմ ցանկանում որևէ լրագրողի հարցի պատասխանել, ես կարծում եմ, որ այնքան շատ են հարցերը, որ դրա համար անհրաժեշտություն կա հրավիրել մամուլի բոլոր ներկայացուցիչներին, բոլորին, ինչի միայն ձեզ, բոլորին և ես բոլորի հարցերին կպատասխանեմ անկեղծ, ճշմարիտ»։
Հարցին, թե երբ կլինի մամուլի ասուլիսը, Խաչատրյանն ասաց. «Կտեղեկացնեմ ձեզ»։