Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ` նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նիստ, որի օրակարգում «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է:
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ փոփոխություններն անմիջական կապ ունեն Սահմանադրական փոփոխությունների հետևանքով իրականացվելիք փոփոխությունների հետ․ «Ամեն դեպքում՝ էական փոփոխություններ չեն լինելու։ Մենք նախատեսում էինք՝ մինչև տարեվերջ սահմանադրական փոփոխությունները և հանրաքվեն ավարտվեինք, կարծես թե ժամկետների հետ կապված որոշ ուշացումներ ունենք, այդ պատճառով էլ արտահերթով ենք անում»։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի լիազորությունների նվազեցմանը՝ նա նշեց, որ սա շատ տարօրինակ է։
«Դեռ 2020-ի հունիսին այն ժամանակվա անվտանգության խորհրդի քարտուղարը եկավ ԱԺ և ասաց, որ նախագահի հետ պայմանավորվածություն ունի, ըստ որի՝ նախագահն իրեն է փոխանցել իր լիազորությունների մի մասը։ Սա, իհարկե, աբսուրդ էր և փաստացի՝ սահմանադրության տապալում։ Այդ ժամանակ մենք հանդիպում ունեցանք Հարությունյանի հետ և պահանջեցինք պարզաբանում։ Նա անլուրջ վերբերվեց այդ հայտարարությանը, կատակեց, թե «ինչի մասին է խոսքը, ես երբեք իմ լիազորությունները որևէ մեկին չեմ տա»։ Բայց հիմա, ստացվում է, որ իր խոսքերը և գործերը միանգամայն տարբեր են միմյանցից։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք զգուշացնում էինք, որ ներկայիս նախագահին մարդիկ չընտրեն, հենց որովհետև նա քաղաքական դեմք չէ, նա միջին մակարդակի տնտեսագետ է։ Հիմա, երբ երկիրն այս իրավիճակում է, նա դա ընդունում է, և տպավորություն է, որ իր գործողություներով ապաքաղաքականացնում է Արցախը։ Սա այն պարագայում, երբ ՀՀ վարչապետն ասում է, որ բանակցություններում պետք է ներգրավվի Արցախը։ Այսինքն՝ ասվում է մի բան, արվում միանգամայն այլ բան։ Լիազորությունների հետ կապված՝ նա մեծացնում է պետնախարարի լիազորությունները, նոր Սահմանադրական փոփոխություններով՝ բոլոր լիազորությունները, բացի ուժային կառույցներից, բոլոր ոլորտները տրվում են պետնախարարին, փաստացի Արցախում բոլոր լծակները փոխանցվել են Ռուբեն Վարդանյանին, այդ թվում՝ ԱԳՆ-ն։ Դա աբսուրդի հասնող որոշում է, որովհետև երկրի ղեկավարը և ԱԳՆ-ն չեն կարող միմյանցից անջատ լինեն, պիտի իրականացնեն նույն քաղաքականությունը։ Ստացվում է՝ փաստացի իշխանության մեծ մասի հանձնում։ Այս պահին ես չեմ կարող ասել, թե որոնք են դրա հեռահար նպատակները»։
Հարցին, թե նման իրավիճակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախը պետք սկսի ինքնուրույն խոսել Ադրբեջանի հետ, իսկ Արցախում տեղի է ունենում իշխանական լծակների փոխանցում նախագահից պետնախարարին, ով պետք է լինի այն անձը, որ կարող է և պետք է խոսի ադրբեջանական կողմի հետ, նա նշեց, որ այդ հայտարարությունները պոպուլիստական է համարում։
«Արցախը չի խուսափում դրանից, բնական է, որ Արցախը կուզեր ունենալ մասնակցություն բանակցային գործընթացքում, սակայն ելնելով կարգավիճակից՝ չեմ պատկերացնում, թե նման հայտարարություններ անողներն ինչպես են դա պատկերացնում։ Արցախը կարող է բանակցել միայն այն պարագայում, երբ բանակցային լիիրավ կողմ կլինի։ Փաշինյանի արած հայտարարությունները լղոզված են։ Նման հայտարարություն անողը պետք է նաև ասեր, թե ինչպես է դա պատկերացնում, մինչդեռ նա անգամ ռիսկ չի անում ասել «Արցախի իշխանություններ», ասում է «ներկայացուցիչներ»՝ կարծես թոթափելով իր վրայից այդ բեռը։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա հասկանում է, որ այլևս ընդունելի ու ընկալելի չէ ոչ միայն Արցախի քաղաքական շրջանակների համար, այլև հասարակության համար, հետևաբար, միգուցե խնդիր է դրել թոթափելու այդ բեռը։ Ես չեմ ուզում թիրախավորել Վարդանյանին, քանի որ նրա աշխատանքը դեռ չենք տեսել, բայց կարծում եմ՝ մեր նման երկրում երկրի ղեկավարությունը այնքան քաղաքական պատասխանատվություն պետք է ունենա, որ հասկանա, որ Արցախի ղեկավարը և հետագայում նաև բանակցողը պետք է լինի ռազմաքաղաքական գործիչ, իսկ տնտեսագետ, լրագրող կամ վարսահարդարը կարող է այլ պաշտոն զբաղեցնել ու նպաստել երկրի զարգացմանը։ Բայց այստեղ իրականում գլխավոր հարցն այն է, թե կհասցնի արդյոք որևէ մեկը լինեն բանակցային սեղանի շուրջ»։