Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ Չեխիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, Լիպավսկին այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Լիպավսկին Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի ֆոնին շատ կարևոր է համարել աջակցել Վրաստանին և ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը։ «Պուտինի սարսափելի ագրեսիան մեզ ցույց տվեց, որ մենք պետք է ավելի շատ օգնություն ցույց տանք Վրաստանին, և նաև այն երկրներին, որոնք տուժել են Պուտինի ագրեսիայից և որոնք ձգտում են անդամակցել Եվրամիությանը»,- ասել է նա։
Նա հայտնել է, որ այս համատեքստում քննարկել են նաև Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տիրող իրավիճակը։ Վերջինս ընդգծել է, որ իրենք նշված տարածքները համարում են Վրաստանի անբաժանելի մասեր՝ վերահաստատելով իր աջակցությունը Թբիլիսիի տարածքային ամբողջականությանը։
«Ռուսաստանից ցանկացած սցենար կարելի է սպասել։ Ուստի կարևոր է աջակցել Վրաստանին, որպեսզի բոլոր գործընկերները կենտրոնանան Վրաստանի կայունության և պաշտպանունակության բարձրացման վրա»,- ասել է Չեխիայի արտգործնախարարը։
Նա նշել է, որ Չեխիան աջակցում է Եվրամիությանն ու եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի ջանքերին։ Լիպավսկին ընդգծել է, որ Վրաստանը պետք է շարունակի իր ջանքերը արդյունավետ բարեփոխումների միջոցով, ինչը կարևոր է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման համատեքստում՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
«Վրաստանն ու Չեխիան ունեն ընդհանուր արժեքներ, և Եվրոպայի ընդհանուր տեսլականի համաձայն՝ մենք ցանկանում ենք տեսնել խաղաղություն և կայունություն։ Սպասում եմ այն պահին, երբ Վրաստանին կտրվի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ»,- ասել է Լիպավսկին։