Հայկական քաղաքական դաշտում ընդհատակ անցած մի շարք քաղաքական գործիչներ կան, որոնք այժմ կա՛մ չեն ուզում զբաղվել քաղաքականությամբ, կա՛մ էլ հարմար առիթի են սպասում՝ նորից զբաղվելու քաղաքականությամբ։
Oragir.News-ն այս անգամ զրուցել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի հետ, ով վերջին տարիներին քաղաքական դաշտում պասիվացել է՝ չնայած նրան, որ տարիներ առաջ ակտիվներից մեկն էր։
Հարցրինք, թե որն է պատճառը պասիվանալու, և այժմ ինչ է մտածում քաղաքականության մասին, իշխանության կողմից է, թե ընդդիմության։
«Ովքեր իմ քաղաքական գործունեությանը հետևել են, գիտեն, որ ես ժամանակավոր քաղաքական գործունեության համար դադար վերցրեցի և հայտարարեցի, որ բալիկս թույլ չի տալիս այդ փուլում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, և դրա իրավունքը, կարծում եմ, ցանկացած նորմալ մայր ունի։ Հիմա արդեն այնպիսի շրջան է բալիկիս մոտ, որ կարող եմ վերադառնալ քաղաքականոություն, և նաև երկրի իրողությունն է ստիպում, որ չես կարող այլևս անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում է, հատկապես վերջին՝ սեպտեմբերի 13-ի իրողությունից հետո, երբ հերթական լայնածավալ գործողությունների արդյունքում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությանությունը հերթական անգամ խախտվեց, և մենք այսօր ունենք բռնազավթված Հայաստան։ Հիմա այս իրողության մեջ, երբ մենք տեսնում ենք, թե ինչպիսի մարտահրավերներ են հասունանում, միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մեր մարտահրավերները դեռ առջևում են, և այդ խաղաղության օրակարգը, որով ամիսներ շարունակ՝ արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են կերակրել մեր հասարակությանը, դա բնականաբար ցանկցած գիտակից մարդու համար հասկանալի է, որ սա կեղծ քաղաքական օրակարգ է, և սա կա՛մ միամիտների, կա՛մ անմեղսունակների քաղաքականություն է, որովհետև երբ թշնամին ամբողջ միջազգային հանրության առջև բոլոր իր տարիների ելույթների ընթացքում հայտարարում է, որ պետք է գան, հասնեն Երևան, Սևանը վերցնեն ու հիմա Զանգեզուրի միջանցք կոչված խնդիրն են օրակարգ բերել, մենք, այսինքն, պետք է հասկանանք, որ մեր թշնամին այս պատմական իրողության մեջ լուրջ քաղաքական ծրագրեր ունի իրականացնելու և նոր տարածքային բռնազավթումների ծրագիր ունի։ Հիմա այս պայմաններում ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ պարգևավճարներով զբաղված, երկրի մարտունակության ու պաշտպանական համակարգը ոչ մի արդյունավետության չբարձրացրած, կապիտուլյացիա ստորագրած և կապիտուլյացիայից հետո ամուլ ընդդիմադիր խորհրդարանական ընդդիմության առկայության պայմաններ են»,- պատասխանեց Զախարյանը։
Զախարյանի խոսքով՝ նույն ամուլ վարքագիծը դրսևորվում է և ՛ խորհրդարանում, և՛ դիվանագիտական տարբեր հարթակներում. «Այսօր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հույսին թողնել երկիրը՝ կրկին անմեղսունակություն է հասարակության, ժողովրդի կողմից։ Մարդիկ, ովքեր ինձ տարիներ շարունակ հետևել են, գիտեն իմ լուրջ ձեռագիրը, ես միշտ միջամտել եմ երկրի խնդիրներին այն ժամանակ, երբ երկրի անվտանգությանը լուրջ սպառնալիքներ եմ տեսել։ Եվ սեպտեմբերյան դեպքերից հետո, հասկանալով, որ վիճակն օրհասական է, պաշտոնական նամակներ եմ հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասին, և լուրջ ձեռագրով ընդհանուր իրողության հետ կապված իմ քաղաքական գնահատականը տվեցի, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, և եթե նկատեք, սեպտեմբերի 13-ից հետո կտրուկ փոխվեց միջազգային հանրության վերաբերմունքը՝ մեր երկրի ընդհանուր մթնոլորտի հետ կապված, ես այնտեղ նաև պահանջել էի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվանա,պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, որովհետև միայն դրանով կարելի է կանխել հետագա բռնազավթումների քաղաքական օրակարգը։ Որոշակի քայլեր արվեցին, բայց պետք է գիտակցել, որ ես չեմ իշխանություն ներկայացնողը, և ես արտախրոհրդարանական ուժի ղեկավար եմ, և որքան էլ իմ նամակները լուրջ բովանդակություն կրեն, միջազգային հանրությունն ի վերջո գործ է ունենում տվյալ քաղաքական իշխանական ուժի հետ» ։
Զախարյանն անդրադարձավ նաև արցախցիներին. «Ես, ցավոք, պետք է ասեմ, որ հիասթափված եմ արցախահայության վերջին դիրքորոշումից, որովհետև այս պահին ռուս խաղաղապահ ուժերն են այնտեղ, դրա համար արցախահայությունը Վերածննդի հրապարակում իր անվտանգությոան մանդատն ու Արցախի հետագա ճակատագիրը հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Վերջերս ես նաև Արցախի նախագահին նամակ հղեցի, որ պատրաստ եմ լուրջ աշխատանքներ տանել իրենց հետ՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված, բայց պատասխան չստացա, հետո կապվեցի «Արդարության» խմբակցության հետ, հիմա ես չգիտեմ՝ ինչ է լինելու արցախահայության ճակատագրի հետ։ Վերջին՝ Սոչիի հանդիպմանն էլ, Ալիևը հայտարարեց, որ այլևս ղարաբաղյան հարց չկա, այդ հարցը փակված է։ Իսկ ընդհանուր առմամբ՝ մեր երկիրը չենք կարող թողնել այս իշխանությանը, ոչ էլ խորհրդարանական ընդդիմության հույսին»։
Անդրադառնալով մեր այն ոչ քաղաքական հարցին, թե ինչ է կարծում՝ մեր երկրում կույս մնացե՞լ է, որովհետև տարիներ առաջ պրոպագանդում էր, որ աղջիկը պետք է մինչև 26 տարեկանը կույս չլինի, պատասխանեց. «Ես պետք է Ձեզ խնդրեմ ընդհանրապես այս օրակարգից հանել, մեր զրույցը միայն քաղաքական է լինելու։ Ես ոչ մի ապաքաղաքական հարցի չեմ պատասխանում, իսկ հանրության ու լրատվամիջոցների հետ իմ շփումը միայն քաղաքական հարցերի շրջանակներում է»։