Մեր գերխնդիրն է հանրությանը բացատրենք, որ սա միայն Արցախի հարց չէ․ Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:59 31-10-2022
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կա պայքարի պատրաստ հանրություն, որ պատրաստ է համախմբվել․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ ունե՞ն արդյոք ուսումնասիրություն, թե Հայաստանում իրականում քանի տոկոս են այն մարդիկ, որ պատրաստ են ոտքի կանգնել և պայքարել հանուն Արցախի, երբ այսպես հետևողականորեն իրականացվել է ատելության քարոզ հայ ժողովրդի երկու հատվածների միջև։

«Օրվա իշխանությունն իր օտարերկրյա գործակալական ցանցերով, իրենց սպասարկուներով (պարզվեց՝ վիետնամցիներից էլ մեծ աջակցություն ունեն այդ գործում), հետևողականորեն փորձում են հանրությանը տրամադրել, որ այլ ելք չկա, այլ ճանապարհ չկա, եթե մենք չպայքարենք Արցախի համար, կկորցնենք նաև Հայաստանը, կունենանք նաև նոր զոհեր, նոր կորուստներ, հնարավորություն չկա, այլևս ամեն ինչ վերջացած է, թույլ ենք, հնարավոր չէ այս քաղաքականությունն ու այս գիծը հասարակությանն անընդհատ տրամադրում են բարոյալքության, հուսալքության, որպեսզի կարողանան իրենց դավաճանական ծրագիրը հասցնեն ավարտին»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով, սակայն, այստեղ ամենակարևորն այն է, որ մեր հանրությունն իմանա, որ սա միայն Արցախի հարցը չէ։ «Արցախը կորցնելով՝ կորցնելու ենք ամբողջ Հայաստանը։ Իրենք ի՞նչ են ասում․ ասում են՝ եկեք Արցախը տանք, Հայաատանը փրկենք։ Բայց Արցախը տալով՝ կորցնելու ենք Հայաստանը։ Առանց Արցախի չկա Հայաստան, և չի կարող լինել խաղաղություն։ Մենք պետք է ՀՀ քաղաքացիներին կարողանանք սա՛ բացատրել, որ սրանք ձեզ խաբելով, բթացնելով, մոլորեցնելով՝ տանում են նոր ցեղասպանության և կոտորածի»։

Անդրադառնալով «հայաստանցի-ղարաբաղցի» հակադրմանը՝ Սաղաթելյանը նշեց, որ այդ ատելությունը գեներացրել են տարիներ շարունակ, որով փորձել են Արցախը հեռացնել Հայաստանից․ «Հիմա մեր գերխնդիրն է, որ մեր հանրությանը բացատրենք, որ սա միայն Արցախի հարց չէ։ Երբ մենք տարիներ շարունակ ասում էինք՝ Քարվաճառում կանգնած զինվորը պաշտպանում է Վարդենիսը, դա էինք ասում։ Ադրբեջանցին հասել է Ջերմուկ, քանի որ տվել էին Բերձորը։ Պիտի հասկանանք, որ Արցախը զիջելով խաղաղություն չենք ունենա, ուղղակի թշնամու զորքերը և խրամատները մոտեցնելու ենք Երևանին։ Հետևաբար, սա պայքար չէ միայն Արցախի համար, սա պայքար է՝ առաջին հերթին Հայաստանի համար։ Զիջելով՝ չենք կարողանալու հասնել խաղաղության»։

Նա ընդգծեց, որ մարդկանց ականջներին հաճելի է, բնական է, որ ձգտում են խաղաղության, բայց այս առաջարկը խաղաղության անվան տակ նոր ցեղասպանություն է։ «Այդ խաղաղության գինը եթե հայրանազրկումն է ու պետականության կորուստը, դա խաղաղություն չէ։ Սկսել են խոսել Հայաստանի ինքնիշխանությունից։ Հայաստանի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն այսօր նստած է Կառավարության շենքում»,- ասաց նա։