ՀՀ իշխանությունների այս պահվածքը՝ հատկապես Ալիև-Պուտին-Փաշինյան ակնկալվող հանդիպումից առաջ, մեսիջ է Ռուսաստանի Դաշնությանը, որ Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում ընդունել ռուսաստանյան փաստաթուղթը։
Այլ, որ հակված են ընդունել հավաքական Արևմուտքի փաստաթուղթը։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ ՊԵտդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին Հայաստան մուտք գործելու սահմանափակման փաստին։
«Սրանով իրենք արդեն մոտավոր իրենց քաղաքական վեկտորն ուղղեցին դեպի հավաքական Արևմուտք։ Ես, իհարկե, առավել քան համոզված եմ, որ մենք արդեն ամսի 31-ին կայանալիք հանդիպման ժամանակ հայաստանյան իշխանությունների հենց այդ դիրքորոշումն ենք տեսնելու։ Մեզ մնում է մի բան, որ ՌԴ ղեկավարը կկարողանա այնպիսի ճնշում գործադրել երկու կողմերի վրա․․․ ցավով եմ ասում երկու կողմերի, որովհետև այս պարագայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները նույնականացված են։ Մեր միակ հույսը մնում է ՌԴ ղեկավարը, որն այս պարագայում կկարողանա պնդել և հասնել նրան, որ ընդունվի ռուսաստանյան փաստաթուղթը»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ Արցախը Հայաստանյան իշխանություններից պաշտպանվելու կարիք ունի՝ բոլոր առումներով։ «Եթե բացենք զգուշանալու այդ փաթեթը՝ բազմաթիվ տարբերակներ կան վնասելու Արցախին՝ հենց ՀՀ իշխանությունների կողմից։ Մյուս կողմից՝ իրենք իրենց քայլերով, փաստորեն, անում են այն, ինչ անում է Ադրբեջանի իշխանությունը։ Այսինքն, նպատակներից մեկն է էստեղից դուրս բերել ռուս խաղաղապահների զորակազմը, ինչու ոչ՝ նաև Հայաստանից, և դա փոխարինել Արևմուտքից բերված խաղաղապահներով։ Ինչը հավասարազոր է, թե ինչ-որ զորքեր բերել Թուրքիայից կամ Ադրբեջանից»,- տեսակետ հայտնեց նա։