Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը մեղադրել է Հայաստանին՝ 30 տարի շարունակ Ղարաբաղում առկա մշակութային հուշարձանների և կրոնական տաճարների նկատմամբ այսպես կոչված վանդալիզմի գործողություններ կատարելու համար։ Մալքոչն այս մասին ասել է Բաքվում ընթացող Ասիական օմբուդսմենների ասոցիացիայի հանդիպման շրջանակներում՝ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Թուրք պաշտոնյան իր խոսքում նշել է, որ «Հայաստանը փորձել է այդ տարածքներից ջնջել Ադրբեջանի ազգային և մշակութային ժառանգության հետքերը»։ Վերջինս նաև մեղադրել է Հայաստանին՝ «ադրբեջանական տարածքները 30 տարի օկուպացնելու համար»։
Վերջինս հայտնել է, որ «աշխարհը չի խոսել անարդարության մասին»։ Նրա խոսքով՝ չնայած ՄԱԿ-ը հայտարարել է, որ «օկուպացիայի փաստը հակասում է միջազգային իրավունքին, այնուամենայնիվ ոչինչ չի արվել օկուպացիան դադարեցնելու համար»։
«Ադրբեջանն ինքն է ազատագրել իր հողերը օկուպացիայից։ Մենք տեսանք, որ Հայաստանը 30 տարի շարունակ վանդալիզմի գործողություններ է կատարում Ղարաբաղում մշակութային ժառանգության հուշարձանների և կրոնական տաճարների նկատմամբ։ Նա փորձեց այդ հողերից ջնջել Ադրբեջանի ազգային ու մշակութային ժառանգության հետքերը»,- հայտարարել է Մալքոչը։
Օմբուդսմենը նաև նշել է, որ Հայաստանը հրթիռակոծության է ենթարկել Ադրբեջանի քաղաքները։ Նա հայտնել է, որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հրավերով իրենք ժամանել են Ադրբեջան, ծանոթացել են հրթիռակոծության հետևանքներին և այդ թեմայով զեկույց են պատրաստել։
Մալքոչը նաև մեղադրել է հայերին՝ Արցախի բնակավայրերից հեռանալիս տարածքը ականապատելու համար։ Նա այդ գործողությունը համարել է ոչ միայն մարդու, այլ նաև միջազգային իրավունքի խախտում։
Վերջինս հույս է հայտնել, որ Հայաստանը պատասխանատվության կենթարկվի օրենքի առաջ՝ զեկույցներում «արձանագրված հանցագործությունների փաստերի հիման վրա»։ «Մենք տեսնում ենք և գիտենք, որ միջազգային կազմակերպությունները դեռ լռում են, բայց մենք մեր ճանապարհից չենք շեղվելու»,- եզրափակել է պաշտոնյան։