Ադրբեջանի օմբուդսմենը պահանջում է Լաչինի միջանցքում անցակետ ստեղծել
copy image url

Ադրբեջանի օմբուդսմենը պահանջում է Լաչինի միջանցքում անցակետ ստեղծել

Արտաքին 2 տարի առաջ - 13:50 06-03-2023
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան մեկնաբանել է նախօրեին Շուշիին հարակից տարածքում ադրբեջանական կողմի իրականացրած հերթական սադրանքին, ինչի համար Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևան պնդել է, թե, իբր, հայկական կողմն օգտագործել Ստեփանակերտ տանող այլընտրանքային գրունտային ճանապարհը՝ դեպի Արցախ զենք-զինամթերք տեղափոխելու համար։ Նա նաև ասել է, որ «հայկական կողմի արձակած կրակի հետևանքով սպանվել և վիրավորվել են ադրբեջանական զինուժի անդամներ, իսկ իսկ ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող մեքենաները կանգնեցվել և ստուգվել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից»։

Ալիևան դատապարտել է «Հայաստանի գործողությունները, որոնք հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթներին, հանգեցնում են մարդկանց կյանքի, առողջության պաշտպանության, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, նոր հակամարտությունների ստեղծման, ինչպես նաև խաղաղությանն ուղղված բանակցությունների դադարեցման»։ Վերջինս միևնույն ժամանակ պահանջել է հարգել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը միջազգայինորեն ճանաչված է»։

Ադրբեջանի օմբուդսմենի համոզմամբ՝ անվերապահորեն և ամբողջությամբ պետք է ապահովվի եռակողմ հայտարարության կետերի իրականացումը, որոնց համաձայն «հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է դուրս բերվել Ադրբեջանի տարածքից»։ Նա նշել է, որ Լաչինի ճանապարհին և Արցախ տանող այլ ուղիներում մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու և խաղաղությանը սպառնացող հետագա սադրանքները կանխելու նպատակով խստիվ արգելվում է ռազմական և այլ նպատակային փոխադրումներ իրականացնել։

Ադրբեջանցի պաշտոնյան հերթական անգամ պնդել է, թե, իբր բազմիցս հաստատվել են, որ Հայաստանի կողմից Լաչինի միջանցքով ապօրինի զենք-զինամթերք և այլ սպառազինություն է տեղափոխվել, և չնայած բոլոր նախազգուշացումներին այդ սադրանքները շարունակվում են։ Այս համատեքստում Սաբինա Ալիևան պահանջել է Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհին անցակետ ստեղծել՝ «հաշվի առնելով լուրջ վտանգի առկայությունը»։



Ամենից շատ դիտված